Դանակահարություն Ադրբեջանի բանակում: Ինքնասպանության փորձ՝ հոսպիտալում: Զորակոչիկը մահացել է վթարից: Ադրբեջանի մամուլի անդրադարձը՝ Ռազմինֆոյի հրապարակմանը: Մեկնարկել է զորակոչը: Սաֆար Աբիևը խնդրում է վերացնել 907-րդ բանաձևը: ԿԽՄԿ այցելություն՝ Ադրբեջանի ռազմագերուն: Հրդեհ՝ զինավանում: Ռազմական ընդդիմության ձևավորում:Ադրբեջանը պարգևատրել է թուրք գեներալին: Իլհամ Ալիևն ընդունել է: Ադրբեջանը՝ ՌԴ ռազմածովային ցուցահանդեսին:
1. Հուլիսի 1-ին Ադրբեջանի ԶՈւ Շամխորի կորպուսի զորամասերից մեկում գրանցվել է դանակահարության դեպք. 19-ամյա շարքային Իլքին Հուսեյնովը դանակով հարվածներ է հասցրել իր ծառայակից 19-ամյա Հադիր Իսմայիլովին։
Հուլիսի 1-ին Ադրբեջանի ՊՆ Կենտրոնական զինվորական կլինիկական հոսպիտալում անհայտ անձն ինքնասպանության փորձ է արել: Դրդապատճառները հայտնի չեն, պաշտոնական հայտարարություններ չեն արվել:
Ադրբեջանական լրատվամիջոցները հաղորդում են, որ հուլիսի 5-ին 08։00-ի սահմաններում Լենքորանի շրջանի Լիման քաղաքի ճանապարհին ավտովթար է եղել, որի պատճառով մահացել է «ՎԱԶ-2107»-ի ուղևոր, 18-ամյա Ամրահ Հեյդարովը: Վերջինս զորակոչիկ էր և մեկնում էր Ադրբեջանի Մոբիլիզացիայի ու զորակոչի պետական ծառայության Լենքորանի զինկոմիսարիատ։
Հետևելով ադրբեջանական «Դոկտրինա» կենտրոնի հրապարակած տվյալներին՝ նշենք, որ հուլիսի 6-ի դրությամբ՝ Ադրբեջանում տարվա կտրվածքով կա 51 զոհ, 63 վիրավոր։
2. Ռազմինֆոյի՝ 2012-ին ՀՀ ՊՆ շենքում ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներակայացված գերմանա-ֆրանսիական հակատանկային հայտնի «ՄԻԼԱՆ» (MILAN) հակատանկային կայանի մասին հրապարակմանն անդրադարձներ են ադրբեջանական ԱՊԱ լրատվական գործակալությունը, «1news.az» ու Aze.az ադրբեջանական կայքերը, ինչպես նաև ադրբեջանական համացանցային ֆորումները։
3. Համաձայն Ադրբեջանի հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի՝ 2013-ի հունիսի 4-ին ստորագրած հրամանագրի՝ հուլիսի 1-ին Ադրբեջանում մեկնարկել է ԶՈւ զորակոչը, որը շարունակվելու է մինչև հուլիսի վերջ։
Հուլիսի 2-ին Ֆարկոսի հետ հանդիպում է ունեցել Ադրբեջանի պաշտպանության նախարար Սաֆար Աբիևը՝ խնդրելով «վերացնել 907-րդ փոփոխությունը, որը խոչընդոտ է հանդիսանում երկու երկրների միջև առավել սերտ համագործակցություն սահմանելու գործընթացում»։ Համաձայն 1992-ի հոկտեմբերի 24-ին ստորագրած «Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության սահմանափակում» («Restriction on Assistance to Azerbaijan» ) 907-րդ բանաձևի՝ ԱՄՆ-ն կարող է աջակցություն ցույց չտալ Ադրբեջանին, մինչև նախագահի կողմից որոշում ընդունելն ու Կոնգրեսին զեկուցելը, որ Ադրբեջանի կառավարությունը ձեռնարկում է փաստարկված քայլեր՝ Հայաստանի նկատմամբ կիրառվող շրջափակումները և ուժի կիրառումը դադարեցնելու ուղղությամբ։
4. Հուլիսի 1-ին հայտնի է դարձել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչներն այցելել են Հայաստանում պահվող ադրբեջանցի ռազմագերուն՝ Ֆիրուզ Միրզա օղլու Ֆարաջովին։ Վերջինս, 2012-ի հուլիսի 26-ին Թովուզի շրջանից հատելով ՀՀ սահմանը, ինքնակամ գերի էր հանձնվել հայ սահմանապահներին` սպիտակ դրոշը ձեռքին:
5. Ադրբեջանի Գանձակ քաղաքի N38 զինավանում բռնկված հրդեհի արդյունքում վառվել է ու վնասվել ընդհանուր առմամբ 500 մ² տարածք։ Հրդեհից տուժածներ չկան։
6. Հուլիսի 1-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է ԱՄՆ պաշտպանության նախարարի՝ Ուկրաինայի, Ռուսաստանի և Եվրասիայի գծով տեղակալ Էվելին Ֆարկոսին` քննարկելով Ադրբեջանի զինվորների ծառայությունը միջազգային խաղաղապահ առաքելության շրջանակներում:
7. Ադրբեջանի Դեմոկրատական կուսակցության ղեկավար Սարդար Ջալալօղլուն հայտարարել է, որ չի բացառում Ադրբեջանում այսպես կոչված «ռազմական ընդդիմության» ձևավորումը, որի շարքերում կարող են ընդգրկվել ուժային ու պաշտպանական կառույցների ներկա և նախկին աշխատակիցներ, որոնք իշխանությունների կողմից պարբերաբար ենթարկվել են հետապնդումների։
8. Հուլիսի 3-ին Սանկտ Պետերբուրգում մեկնարկել է երկու տարին մեկ անգամ անցկացվող Վեցերորդ միջազգային ռազմածովային ցուցացահանդեսը (MBMC-2013), որին Ադրբեջանը ներկայացնում է ջեռուցման ու կոյուղու սարքավորումների արտադրության բնագավառում մասնագիտացած «Sənayecihaz» ձեռնարկությունը:
9. Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատար, բանակի գեներալ Հայրի Քըվրըքօղլուն Ադրբեջանում պարգևատրվել է ԱՀ ԶՈւ «Ռազմական համագործակցության բնագավառում ունեցած վաստակի համար» և «95-ամյակ» մեդալներով։
ՌԱԶՄԱՇԱԲԱԹԸ՝
Հայաստանում՝ այստեղ
Թուրքիայում՝ այստեղ