Ռուսաստանը քրդերին սպառազինություն մատակարարելու անհրաժեշտություն չի տեսնում

Քրդերին սպառազինություն մատակարարելու ուղղությամբ ակտիվանալու անհրաժեշտություն  Ռուսաստանը չի տեսնում։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։ Մայիսի 15-ին փոխանցում է «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF)՝ Ռաքային 10 կմ հեռավորության վրա. Աղբյուրը՝ «Ալ-Ջազիրա»

Ըստ նախագահի՝ քրդերը Ռուսաստանի մատակարարումների կարիքը չունեն։

«Ի տարբերություն այլ երկրների՝ մենք չենք հայտարարում քրդական միավորումներին սպառազինություն մատակարարելու մասին, բացի այդ, նրանք մեր մատակարարումների կարիքը չունեն։ Նրանք ունեն զենքի ստացման այլ աղբյուրներ», — ասել է Պուտինը։

Պուտինը հավելել է, որ հարցը քննարկել է նաև Թուրքիայի նախագահի հետ։

Նշենք ,որ ԻՊ դեմ պայքարում ԱՄՆ-ն և միջազգային կոալիցիան լայն աջակցություն են ցուցաբերում գերազանցապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) խմբավորմանը, ընդ որում՝ թե ավիահարվածներ իրականացնելով, թե սպառազինության մատակարարումներով:

Միայն 2017-ին ԱՄՆ-ն քրդերին 2 անգամ օգնություն է փոխանցել: Առաջինը փոխանցվել էր հունվարի 31-ին, իսկ երկրորդը՝  փետրվարի 28-ին:

Իսկ ավելի վաղ ԱՄՆ-ն  48 նոր զրահապատ մեքենաներ և 250 զինծառայող էր ուղարկել Սիրիայի քրդական «Ժողովրդավարական միություն կուսակցության» վերահսկողության տակ գտնվող Ալ-Հասաքա նահանգ։

Նշենք նաև, որ ԱՄՆ ռազմական օգնություն է ցուցաբերում նաև Իրաքի քրդերի զինված ուժերին: Մասնավորապես «Իսլամական պետության» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարի  շրջանակներում ԱՄՆ-ն 2015-ից մարզել և զինել է Իրաքի քրդական ինքնավարության զինված ուժերի շուրջ 18.000 մարտիկների:

Իրաքի քրդերի զինված ուժերի հետևակային երկու բրիգադ և հրետանային դիվիզիոն զինելու համար ԱՄՆ-ն հնարավոր է նաև շուրջ 300 մլն ԱՄՆ դոլար սպառազինություն վաճառի Իրաքին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *