Ռուսաստանի նախագահի ռազմատեխնիակական համագործակցության գծով խորհրդական Վալդիմիր Կոժինը հայտարարել է, որ Թուրքիայի անդամակցությամբ ՆԱՏՕ-ին որևէ ձևով չի խանգարում Ռուսաստանին այդ երկրին Ս-400 զենիթահրթիռային համալիրներ մատակարարելու հարցում: Փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
«Թուրքիայի հետ բանակցություններ են ընթանում Ս-400 համալիրներ վաճառելու հարցով, նրանք շատ հետաքրքրված են: Այո, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, սակայն մենք չենք վախենում Անկարային Ս-400 համալիրներ տրամադրել»,-հայտարարել է Կոժինը:
Նա նշել է, որ մինչև համալիրների վաճառքի իրականացումը կողմերը իրենց վրա պատասխանատվություն են վերցնում այն հարցով, թե ինչ իրավունք ունեն անելու այդ զենքի հետ և ինչ իրավունք չունեն:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Ս-400 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելու դեպքում Թուրքիան դրանք չի ինտեգրի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին։
Ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրենը հայտնել էր, որ Թուրքիան ցանկանում է Ս-400 համալիրները ձեռք բերել ռուսաստանյան վարկով և, որ կողմերը բանակցում են վարկի տրամադրման հարցի շուրջ: Ըստ նրա՝ վարկի չափը որոշելուց ու համաձայնագիր կնքելուց հետո կողմերը կստորագրեն համալիրների մատակարարման պայմանագիր։
Ավելի վաղ՝ քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը Razm.info-ի հետ զրույցում նշել էր, որ Ս-400-ի վաճառքը Թուրքիային Ռուսաստանի համար առաջնահերթ կարևորություն ունի նախ այն տեսանկյունից, որ ՆԱՏՕ-ում զինուժի թվաքանակով երկրորդ երկրի՝ Թուրքիայի ՀՕՊ համակարգը կլինի ռուսաստանյան արտադրության։ Միևնույն ժամանակ Խալաթյանը կասկած է հայտնեց, որ Թուրքիան նման քայլի կգնա՝ չնայած Ռուսաստանի հետ հարաբերությունների մերձեցմանը:
Ավելացնենք, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել առավել մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր, սակայն 2013 թ. մինչ օրս հայտարարված մրցույթը քանիցս հետաձգվել է: Տեղում թուրքական ընկերություններն առայժմ արտադրում և փորձարկում են ցածր հեռահարության համակարգեր: Ռազմինֆոյում կարող եք կարդալ նաև այս գործընթացի նախապատմության ու զարգացումների մասին։
Հիշեցնենք, որ 2015 նոյեմբերի 15-ին Թուրքիան որոշել է դադարեցել մեծ հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունները Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության հետ և չեղարկել 3 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ մրցույթը։