Թուրք-քրդական բախումներում վիրավորված թուրք զինծառայողը մահացել է

Մարտի 22-ին Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Չուքուրջա գավառում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների և Թուրքիայի ԶՈւ զինծառայողների բախումներում վիրավորված 4 զինծառայողներից մեկը ավելի ուշ մահացել է հիվանադանոցում: Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը:

Մահացած զինծառայողը Մեհեթ Աջըբուջուն է՝ Թուրքիայի հարավային Օսմանիե նահանգի Քադիրլի գավառից: Մարտի 22-ին վիրավորվելուց հետո զինծառայողին տեղափոխել են Հաքքարի նահանգի հիվանդանոց, որտեղ էլ նա մահացել է:

Հիշեցնենք՝ մարտի 22-ին հայտնի է դարձել, որ Թուրքիայի Չուքուրջա գավառում PKK զինյալների և Թուրքիայի զինուժի բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող:

Թուրքական ուժայինների և քրդերի միջև բախումները հիմնականում Թուրքիայի հարավային և արևելյան նահանգներում վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից:

ՄԱԿ-ի զեկույցի համաձայն՝ 2015-ի հուլիսից մինչև 2016-ի դեկտեմբեր Թուրքիայի հարավարելյան նահանգներում Թուրքիայի զինուժի ռազմական գործողությունների արդյունքում սպանվել է մոտ 2000 մարդ, որից 1200-ը քրդական կառույցի զինյալներն են:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *