Թուրքիան մտադիր չէ Ս-400 ԶՀՀ-ները ինտեգրել ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին

Թուրքիայի պաշտպանության նախարար Ֆիքրի Ըշըքը հայտարարել է, որ Ս-400 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելու դեպքում Թուրքիան դրանք չի ինտեգրի ՆԱՏՕ-ի հակահրթիռային պաշտպանության համակարգին։

Այս մասին մարտի 16-ին տեղեկացնում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը։

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ռուսաստանյան Ս-400 «Տրիումֆ» ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ

Ավելի վաղ Ըշըքը հայտարարել էր, որ Ռուսաստանի հետ Ս-400 համալիրների ձեռք բերման շուրջ տարվող բանակցություններում առաջընթաց են գրանցել, սակայն կոնկրետ պայմանավորվածություն դեռ չկա։

Մինչ այդ  ռուսաստանյան «Ռոստեխ» պետական կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը հայտնել էր, որ Թուրքիան ցանկանում է Ս-400 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերել ռուսաստանյան վարկով։ Այժմ երկրները  բանակցում են վարկի տրամադրման հարցի շուրջ, և վարկի չափը որոշելուց ու համաձայնագիր կնքելուց հետո կողմերը կստորագրեն Ս-400 ԶՀՀ-ների մատակարարման պայմանագիր։

Ավելացնենք, որ Թուրքիան ցանկանում է ձեռք բերել առավել մեծ հեռահարության ՀՕՊ համակարգեր, սակայն 2013 թ. մինչ օրս հայտարարված մրցույթը քանիցս հետաձգվել է: Տեղում թուրքական ընկերություններն առայժմ արտադրում և փորձարկում են ցածր հեռահարության համակարգեր:  Ռազմինֆոյում կարող եք կարդալ նաև այս գործընթացի նախապատմության ու զարգացումների մասին։

Հիշեցնենք, որ 2015 նոյեմբերի 15-ին Թուրքիան որոշել է դադարեցել մեծ հեռահարությամբ ՀՕՊ համակարգեր գնելու վերաբերյալ բանակցությունները Չինաստանը ներկայացնող China Precision Machinery Export-Import Corp. (CPMIEC) ընկերության հետ և չեղարկել 3 միլիարդ ամերիկյան դոլար արժողությամբ մրցույթը։

Հավելենք նաև, որ մեծ և միջին հեռահարության ՀՕՊ համակագեր գնելու մրցույթին թուրքերը նախ 2013-ի սեպտեմբերին հաղթող էին ճանաչել Չինաստանի արտադրած HQ-9 համակարգերը (Ս-300-ի չինական կրկնօրինակ), հետո ՆԱՏՕ-ի ճնշման տակ չեղյալ հայտարարեցին իրենց որոշումը: Չինական համակարգերը չգնելու պատճառներից մեկը նշվում էր, որ այն չի կարող ինտեգրվել Թուրքիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռադիոլոկացիոն համակարգերին։

Նշենք, որ Ս-400 զենիթահրթիռային համալիրները նախատեսված են ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները նկատում է մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *