Դեկտեմբերի 18-ին Հնդկաստանի պաշտպանության նախարարության պաշտպանական գնումների խորհուրդը որոշել է Ռուսաստանից գնել Ս-400 զենիթահրթիռային համակարգերի 5 գնդային լրակազմ՝ դրա համար հատկացնելով 400 մլրդ ռուփի (մոտ 6 մլրդ ամերիկյան դոլար): Այս մասին տեղեկացնում է հնդկաստանյան Economic Times լրատվակայքը:
Նշվում է, որ բացի բուն համակարգերից, Հնդկաստանը գնելու է նաև դրա համար նախատեսված 6000 կառավարվող հրթիռ:
Ընդ որում՝ հնդկաստանյան կողմը նախատեսում է գործարքն իրականացնել սեղմ ժամկետներում, իսկ դրա վերաբերյալ պայմանագիրը կնքել երկու օր անց՝ դեկտեմբերի 24-ին՝ Հնդկաստանի վարչապետի Ռուսաստան այցի ժամանակ: Սա Հնդկաստանի համար մեծ արագություն է, եթե հաշվի առնենք, որ ռազմական գնումների ոլորտում հնդկաստանյան կողմը բավական «դանդաղաշարժ է» և նրա հայտարարած գնումների մրցույթները տևում են տասնյակ տարիներ:
Այս պայմանագրի կնքման դեպքում Հնդկաստանը կդառնա Ս-400 հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային համակարգերի երկրորդ արտասահմանյան պատվիրատուն՝ Չինաստանից հետո, որն այս համակարգերից պատվիրել է 2014-ի աշնանը և ստանալու է դրանք 2017 թվականից սկսած:
Բացի այդ, այս համակարգերից գնելու իր մտադրության մասին 2015-ի հունիսին հայտնել է նաև Բելառուսը:
Հավելենք, որ հակաօդային պաշտպանության Ս-400 ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները կարող է նկատել մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։
Հենց այս համակարգերից է Ռուսաստանը 2015թ. նոյեմբերին տեղակայել Սիրիայում՝ այնտեղի «Հմեյմիմ» ավիաբազայի հակաօդային պաշտպանությունն ապահովելու համար:
Pingback: Մոսկվայում քննարկելու են 7 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ ռուս-հնդկական համատեղ նախագծեր | Ռազմ.info
Pingback: Հնդկաստանը բանակցում է Ս-400 ԶՀՀ-ներ ձեռքբերելու պայմանագրի շուրջ | Ռազմ.info
Pingback: Հնդկաստանը նախատեսում է Ռուսաստանից ձեռք բերել 5 միավոր Ս-400 համալիր | Ռազմ.info