Հրադադար մենք այլևս չունենք. Արծրուն Հովհաննիսյան

Այսօր՝ դեկտեմբերի 22-ին, լրագրողների հետ մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը խոսել է սահմանային լարվածության աճի, տանկերի և հաուբիցների կիրառման, հայկական կողմի պատասխանի և այլ հարցերի շուրջ:

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը

Հարցերից մեկին պատասխանելով՝ Արծրուն Հովհաննիսյանը լրագրողների հորդորել է այլևս չօգտագործել «հրադադարի խախտում» տերմինը, քանի որ Հայաստանի և Ադրբեջանի միջև հրադադար այլևս չկա:

«Կարծում եմ՝ ոչ ոքի համար այլևս գաղտնիք չէ, և չի մնացել որևէ մի մասնագետ, մի փորձագետ, մի վերլուծաբան, որ այս իրավիճակը պատերազմով չի գնահատում, — նշել է ՊՆ մամուլի խոսնակը, — Սա պատերազմ է: Ես կխնդրեի տերմինաբանության մեջ օգտագործել «պատերազմ» բառը,  և չօգտագործել «հրադադարի խախտում» բառը, որովհետև հրադադար մենք, ըստ էության, այլևս չունենք»:

Հովհաննիսյանը նշել է, որ ներկայում Տավուշում և նախիջևանյան հատվածում ունենք հարաբերական հանգիստ, ի տարբերություն Արցախի (ՊԲ պատասխանատվության գոտու), բայց չունենք խաղաղություն: Չնայած ներկա փուլի նման հանգստությանը, տարվա ընթացքում Արցախի, Տավուշի սահմանային լարվածությունը հավասար է եղել:

Անդրադառնալով Ադրբեջանի զինված ուժերի տանկերի և Դ-30 հաուբիցների կիրառմանը՝ Արծրուն Հովհաննիսյանը նշել է, որ Ադրբեջանն առաջնագծում լարվածությունը հասցրել է այն մակարդակի, որ կիրառվում է առաջնագծում կանգնած գնդերի և բրիգադների սպառազինության ամբողջ տեսականին:

«Տանկի կրակոցը ինքն իրենով այնքան ազդու չէ դիրքում մարտական ֆունկցիա կատարելիս, ինչքան, օրինակ, հրետանին, — տանկերի կիրառման վերաբերյալ ասել է Արծրուն Հովհաննիսյանը, — Ուղղակի քանի որ տանկը մշտապես առաջնագծում չի գտնվում, հետևաբար դրա բացառիկությունն այն է, որ տանկը բերվել է դիրք, որ կրակի»:

ՊՆ մամուլի խոսնակը հաստատել է, որ [հրադադարի պայմանագրի կնքումից հետո] մինչ այս տանկ չէր կիրառվել, սակայն լարվածության աճի տեսանկյունից այս տարի ավելի ծանր դրվագ է արձանագրվել, և դա Դ-30 հաուբիցների կիրառումն է, որն ըստ Հովհաննիսյանի, ավելի ազդու և վտանգավոր է առաջնագծում, քան տանկերի կիրառումը:

Արծրուն Հովհաննիսյանը խոսել է նաև հայկական կողմի պատասխանի մասին՝ նշելով, որ պարտադիր չէ Դ-30 դեմ կիրառել հենց նույն սպառազինությունը: Հայկական կողմը նման դեպքերում կարող է Դ-30 դեմ կիրառել, օրինակ, ականանետ և ավելի դիպուկ խոցել թիրախը:

Հակառակորդի գործողությունների նպատակը, ըստ ՊՆ մամուլի խոսնակի, այն չէ, որ կիրառի տանկ կամ հաուբից և սպանի հայկական կողմի մեկ կամ երկու զինվոր: Հակառակորդն իր առջև ավելի մեծ նպատակներ է դնում և չի կարողանում հասնել դրանց, ինչի հետևանքով ավելի խոշոր սպառազինություն է սկսում կիրառել:

Արծրուն Հովհաննիսյանի մամուլի ասուլիսի տեսաձայնագրությունը ներկայացրել է «Ա1+» հեռուստաընկերությունը:

2 responses to “Հրադադար մենք այլևս չունենք. Արծրուն Հովհաննիսյան

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 20 – 26 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիայում Ադրբեջանի դեսպանը վերահաստատել է հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի բացակայությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *