Երեկ՝ դեկտեմբերի 21-ին, Աֆղանստանի Բագրամ ավիաբազայում «Թալիբան» ահաբեկչական խմբավորման մահապարտը պայթեցրել էր իրեն, ինչի հետևանքով 6 զինծառայող զոհվել էր։ Վրաստանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը կատարվածի վերաբերյալ դեկտեմբերի 22-ին հայտարարել է, որ զոհերի թվում վրաստանցիներ չկան։
«Մեր զինծառայողները տեղում են և շարունակում են առաքելություն իրականացնել»,— վրաստանյան Newsgeorgia լրատվակայքի հարցին պատասխանել են ՊՆ-ից։
Դեկտեմբերի 21-ի պայթյունից հետո չէր հայտարարվում զոհերի ազգությունը։ Այսօր արդեն հայտնի է, որ զոհվածները բոլորն ամերիկացիներ են։ Նշենք, որ վիրավորված 6 հոգուց 3-ը նույնպես ԱՄՆ զինծառայողներ են, իսկ մյուս 3-ը՝ աֆղանստանցի ոստիկաններ։
Հիշեցնենք, որ Աֆղանստանի Բագրամ ավիաբազան ԱՄՆ զինված ուժերի ամենամեծ և ամենակարևոր բազաներից է, որտեղ ամերիկյան զորախմբի հովանու ներքո հերթափոխով ծառայում են նաև Վրաստանի ԶՈւ զինծառայողներ։
Նշենք նաև, որ ի տարբերություն այս դեպքի, նախորդ անգամ՝ սեպտեմբերի 22-ին, երբ թալիբ մահապարտը պայթեցրել էր իրեն, տուժել էին վրաստանցի զինծառայողները։ Միջադեպի հետևանքով մեկ հոգի զոհվեց, ևս մեկը՝ վիրավորվեց։
Տեղեկացնենք նաև, որ Աֆղանստանում 2015 թվականի հունվարի 1-ից մեկնարկած ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությունը ոչ մարտական է։ Ըստ միջազգային լրատվամիջոցների տվյալների՝ այս տարվա ընթացքում ՆԱՏՕ-ն Աֆղանստանում կորցրել է արդեն 25 զինծառայող։