Սիրիայում Ռուսաստանը Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ է բացազատել

ՌԴ ԶՈւ հակաօդային պաշտպանության զենիթահրթիռային Ս-400 համակարգը Մերձմոսկովյան շրջանից Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա է տեղափոխվել օդանավերով և արդեն բացազատվել է։  Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՌԴ օդատիեզերական ուժերի ներկայացուցչին։

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Հակաօդային պաշտպանության Ս-400 «Տրիումֆ» ԶՀՀ. ՌԴ ԶՈւ

Նոյեմբերի 25-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հաստատել է երկրի պաշտպանության նախարարության հայցը, որով առաջարկվում էր հակաօդային պաշտպանության Ս-400 ԶՀՀ-ն տեղափոխել Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազա։ Այս համակարգի բացազատումը կուժեղացնի Սիրիայում գործող ռուսաստանյան ռազմական ինքնաթիռների պաշտպանությունը։ Ռուսաստանյան կողմն իր որոշումը մեկնաբանում է որպես կանխարգելիչ քայլ՝ նոյեմբերի 24-ի միջադեպի կրկնությունը բացառելու համար։

ՌԴ նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության հարցերով օգնական Վլադիմիր Կոժինը հայտարարել է, որ այս համակարգերը չեն վաճառվելու, ու Սիրիայում իրենց գործողության ավարտից հետո վերադարձվելու են Ռուսաստան։

Նկատենք, որ սա Ռուսաստանի՝ անվտանգությունը բարձրացնելուն ուղղված միակ քայլը չէ։ Թուրք-սիրիական սահմանին ռուսական ռազմական ինքնաթիռի խոցումից հետո ՌԴ ԶՈւ ԳՇ-ն հայտարարել էր, որ «Մոսկվա» հրթիռային հածանավը նույնպես կմասնակցի ռուսական խմբավորման հակաօդային պաշտպանությանը։ Այն զինված է հակաօդային պաշտպանության Ս-300Ֆ համակարգով։ Շեշտվել էր նաև, որ Սիրիայում ռուսական օդուժին սպառնացող ցանկացած թիրախ խոցվելու է։ Իսկ այսօր՝ նոյեմբերի 26-ին,  հայտնի է դարձել, որ նաև քննարկվում է «Հմեյմիմ» ավիաբազայում ևս 10-12 կործանիչ տեղակայելու հարցը։

Ուշագրավ է, որ Ս-400-ի որոշ բաղադրիչների՝ Սիրիայում արդեն գտնվելու մասին տեղեկություններ հայտնվել էին ավելի վաղ, սակայն Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը դրանք հերքել էր։ Ամեն դեպքում այն հանգամանքը, որ Ս-400-ը Սիրիա հասցնելու և բացազատելու համար պահանջվեց ընդամենը 2 օր, թույլ է տալիս ենթադրել, որ դրանց տեղակայումը Սիրիայում նախատեսված էր դեռ Սու-24Մ ինքնաթիռի խոցումից առաջ, իսկ այդ միջադեպը միայն արագացրեց գործընթացը։

Հիշեցնենք, որ միջադեպի հետևանքով խոցված ինքնաթիռի օդաչուներից մեկը զոհվեց, իսկ մյուսին փրկեցին Ռուսաստանի հատուկ ջոկատայինների ու սիրիական կառավարական բանակի 12 ժամ տևած հատուկ գործողությունից հետո։

Հավելենք, որ հակաօդային պաշտպանության Ս-400 ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները կարող է նկատել մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները կարող է խոցել մինչև 400 կմ, իսկ բալիստիկ թիրախները՝ 60 կմ հեռավորության վրա։

3 responses to “Սիրիայում Ռուսաստանը Ս-400 ՀՕՊ զենիթահրթիռային համակարգ է բացազատել

  1. Pingback: Հնդկաստանը գնում է ռուսաստանյան Ս-400 համալիրներ | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանը Ս-300ՎՄ համակարգեր է տեղակայել Սիրիայում. Fox News | Ռազմ.info

  3. Pingback: Ռուսաստանը հաստատել է Թուրքիային Ս-400 ԶՀՀ մատակարարման բանակցությունների անցկացումը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *