Բելառուսը մինչև այս տարվա վերջ Ռուսաստանից անվարձահատույց կստան 4 միավոր Ս-300 զենիթահրթիռային համակարգ, միևնույն ժամանակ ՌԴ հետ բանակցություններ են ընթանում նաև Ս-400 «Տրիումֆ» ձեռք բերելու համար: Այս մասին հունիսի 17-ին հայտարարել է Բելառուսի պաշտպանության նախարար, գեներալ-լեյտենանտ Անդրեյ Ռակովը: Հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:
Ռակովը նշել է, որ Ս-300-ները համատեղ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման ծրագրի շրջանակներում համալրելու են Բելառուսի Գրոդնենսկի, Բրեստի և Վիտեբսկի շրջաններում տեղակայված ռազմաօդային ուժերի զենիթահրթիռային ու ՀՕՊ ստորաբաժանումները: Ս-400-ների վերաբերյալ բանակցությունները ընթացքի մեջ են, և հստակ արդյունք դեռևս չկա:
Բելառուսի պաշտպանության նախարարը նաև նշել է, որ միայն 2014-2015 թթ. Ռուսաստանի հետ զենիթային հրթիռների, ռադիոէլեկտրոնային և հաղորդակցման միջոցների, ինչպես նաև փոքր և հրետանային զենքի ու ավիացիոն սարքավորումների գնման, վերանորոգման ու արդիականացման վերաբերյալ կնքվել է ավելի քան 50 պայմանագիր:
Նշենք, որ հակաօդային պաշտպանության Ս-400 Տրիումֆ ԶՀՀ-ն նախատեսված է ինքնաթիռների, ինչպես նաև բալիստիկ հրթիռների խոցման համար։ Համակարգը օդային թիրախները կարող է տեսնել մինչև 600 կմ հեռավորության վրա։ Աերոդինամիկ թիրախները (ինքնաթիռներ) կարող է խոցել մինչև 400 կմ հեռավորության վրա։ Բալիստիկ թիրախների դեպքում ցուցանիշը 60 կմ է։
Հիշեցնենք, որ Ռուսաաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն դեռևս 2014-ի հունիսին ստորագրել էր պայմանագիր, ըստ որի՝ ռուսաստանյան կողմը պատրաստվում էր Բելառուսին անվարձահատույց տրամադրել Ս-300 զենիթահրթիռային համակարգեր և սպասում էր բելառուսական կողմի ստորագրությանը: Կարելի է ենթադրել, որ Ռուսաստանը համալիրները Բելառուսին տրամադրում է ռուս-բելառուսական տարածաշրջանային միասնական հակաօդային պաշտպանության (ՀՕՊ) համակարգի ստեղծման ծրագրի շրջանակում:
Ռուսաստանը նախատեսում է ուժեղացնել Բելառուսի հետ միասնական հակաօդային պաշտպանության համակարգը, որից հետո անցնել Հայաստանի և Ղազախստանի հետ նմանատիպ համակարգերի ստեղծմանը։ Այս մասին դեռևս 2013-ի նոյեմբերին հայտնել էր նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
2014-ի հունվարին էլ հայտնի դարձավ, որ Ռուսաստանը Ղազախստանին անվարձահատույց կփոխանցի 5 դիվիզիոն Ս-300ՊՍ զենիթահրթիռային համակարգեր։ Զինտեխնիկան Աստանային կտրամադրվի Ռուսաստանի զինված ուժերի սպառազինության պահեստներից։ Նշենք, որ յուրաքանչյուր դիվիզիոնը բաղկացած է 8 արձակման կայանից։ Իսկ 2 դիվիզիոնն արդեն համարվում է գունդ։
Հետագայում՝ 2014-ի մայիսի 26-ին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը ստորագրեց ՌԴ-ի հետ համատեղ տարածաշրջանային ՀՕՊ համակարգի ստեղծման համաձայնագրի վավերացման մասին օրենքը:
Ենթադրվում է, որ տարածաշրջանային համակարգերի ստեղծումից հետո կմշակվի Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) միացյալ ՀՕՊ համակարգի մարտական հերթապահության իրականացման ու տեղեկատվության փոխանակման կարգը։
Նշենք, որ ԱՊՀ միասնական ՀՕՊ համակարգը ստեղծվել է 1995-ի փետրվարին ԱՊՀ 9 պետությունների միջև կնքված պայմանագրով։ Ուկրաինան ու Ուզբեկստանը հետագայում սկսել են Ռուսաստանի հետ համագործակցել միայն երկկողմ հիմունքներով։ Իսկ ներկայումս համակարգի մաս են Հայաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը, Տաջիկստանն ու Թուրքմենստանը։
Pingback: Հնդկաստանը գնում է ռուսաստանյան Ս-400 համալիրներ | Ռազմ.info