Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ ԱԽ Իրանի հարցով նիստի ժամանակ հայտարարել է, որ «Եմենի հութիներին սպառազինություն մատակարարելու համար» պետք է Իրանի դեմ համապատասխան միջոցառումներ գործադրվեն, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ: Այս մասին տեղեկացնում է<«Ֆրանս պրեսս» լրատվական գործակալությունը։
Նիստի ընթացքում Հեյլին առաջարկել է խստացնել ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը կամ ձեռնարկել նոր միջոցառումներ, որոնք կարգելեն Իրանին բալիստիկ հրթիռներ արտադրել։
Ըստ Հեյլիի՝ դեկտեմբերի 19-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադը հրթիռակոծելիս հութիները իրանական արտադրության հրթիռ են օգտագործել և այդ հրթիռակոծումը ՄԱԿ ԱԽ համար «ահազանգի կարմիր ազդանշան պետք է դառնա»։
«Այն ունի հութիների նախորդ հարձակումներին բնորոշ առանձնահատկությունները, որոնք արվել են իրանական արտադրության զենքերով,- ասել է Հեյլին»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիքի Հեյլին Վաշինգտոնում ներկայացրել էրնոյեմբերի 4-ին Էր Ռիադի ուղղությամբ հութիների արձակած բալիստիկ հրթիռի մնացորդները։ Ըստ Հեյլիի՝ ամերիկացի փորձագետները եկել են այն եզրահանգմանը, որ այդ հրթիռը արտադրվել է Իրանում։
Հեյլիի խոսքերով՝ հրթիռն ունի կառուցվածքային այնպիսի առանձնահատկություններ, որոնք բնորոշ են միայն իրանական «Ղիամ 1-ին», ըստ այդմ ստացվում է, որ Իրանը խախտում է ՄԱԿ ԱԽ 2231 և 2216 բանաձևերը (արգելում է հութիներին զենք մատակարարել՝ խմբ.) և անօրինական կերպով զենք է մատակարարել հութիներին։
Իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան՝ Իրանը հայտարարեց, որ կբողոքի ՄԱԿ-ին և ուսումնասիրության նպատակով կպահանջի իրեն տրամադրել այդ հրթիռի մնացորդները։
Նկատենք, որ Իրանին մշտապես մեղադրում են Եմենի ապստամբ հութիներին զինելու մեջ, սակայն Իրանը միշտ հերքում է այդ մեղադրանքները։