ԱՄՆ-ն ՄԱԿ-ին առաջարկում է արգելել Իրանում բալիստիկ հրթիռների արտադրությունը

Դեկտեմբերի 19-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին ՄԱԿ ԱԽ Իրանի հարցով նիստի ժամանակ հայտարարել է, որ «Եմենի հութիներին սպառազինություն մատակարարելու համար» պետք է Իրանի դեմ համապատասխան միջոցառումներ գործադրվեն, այդ թվում՝ նոր պատժամիջոցներ: Այս մասին տեղեկացնում է<«Ֆրանս պրեսս» լրատվական գործակալությունը։

Նիստի ընթացքում Հեյլին առաջարկել է խստացնել ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևը կամ ձեռնարկել նոր միջոցառումներ, որոնք կարգելեն Իրանին բալիստիկ հրթիռներ արտադրել։

«Ղիամ» հրթիռը Իրանի ԶՈւ զորահանդեսի ժամանակ.22/9/2017

«Ղիամ» հրթիռը Իրանի ԶՈւ զորահանդեսի ժամանակ.22/9/2017

Ըստ Հեյլիի՝  դեկտեմբերի 19-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադը հրթիռակոծելիս հութիները իրանական արտադրության հրթիռ են օգտագործել և այդ  հրթիռակոծումը ՄԱԿ ԱԽ համար «ահազանգի կարմիր ազդանշան պետք է դառնա»։

«Այն ունի հութիների նախորդ հարձակումներին բնորոշ առանձնահատկությունները, որոնք արվել են իրանական արտադրության զենքերով,- ասել է Հեյլին»։

Հիշեցնենք, որ ավելի վաղ Նիքի Հեյլին Վաշինգտոնում ներկայացրել էրնոյեմբերի 4-ին  Էր Ռիադի ուղղությամբ հութիների արձակած բալիստիկ հրթիռի մնացորդները։ Ըստ Հեյլիի՝ ամերիկացի փորձագետները եկել են այն եզրահանգմանը, որ այդ հրթիռը արտադրվել է Իրանում։

Հեյլիի խոսքերով՝ հրթիռն ունի կառուցվածքային այնպիսի առանձնահատկություններ, որոնք բնորոշ են միայն իրանական «Ղիամ 1-ին», ըստ այդմ ստացվում է, որ Իրանը խախտում է ՄԱԿ ԱԽ 2231 և 2216 բանաձևերը (արգելում է հութիներին զենք մատակարարել՝ խմբ.) և անօրինական կերպով զենք է մատակարարել հութիներին։

Իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան՝ Իրանը հայտարարեց, որ կբողոքի ՄԱԿ-ին և ուսումնասիրության նպատակով կպահանջի իրեն տրամադրել այդ հրթիռի մնացորդները։

Նկատենք, որ Իրանին մշտապես մեղադրում են Եմենի ապստամբ հութիներին զինելու մեջ, սակայն Իրանը միշտ հերքում է այդ մեղադրանքները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *