Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը որսացել են հութիների արձակած «Սկադը»

Դեկտեմբերի 19-ին Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը երկրի մայրաքաղաք Էր Ռիադի մոտ որսացել են Եմենի ապստամբ հութիների արձակած «Բորքան-2» հրթիռը («Սկադի» տեղական տարբերակը)։ Զոհերի և վիրավորների մասին առայժմ չի հաղորդվել։ Այս մասին տեղեկացնում է BBC լրատվական գործակալությունը։

Ավելի վաղ հութիները հայտարարել էին, որ «Բորքան-2» հրթիռ են արձակել  սաուդների թագավորական պալատի ուղղությամբ, որտեղ այդ երկրի ղեկավարությունը հանդիպում էր անցկացնում։

Հութիները «Բորքան-2» հրթիռ են արձակում Էր Ռիադի ուղղությամբ. 19.12.2017

Հութիները «Բորքան-2» հրթիռ են արձակում Էր Ռիադի ուղղությամբ. 19.12.2017

Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիայի խոսնակի խոսքերով՝ այս հարձակումը ցույց է տալիս, որ Իրանը շարունակում է աջակցել հութիներին:

Իրենց հերթին հութիները հայտարարել են, որ Սաուդյան Արաբիայի պալատները, ռազմական և նավթային օբյեկտները իրենց հրթիռների թիրախներն են լինելու:

Նկատենք, որ Սաուդյան Արաբիան հութիներին աջակցելու և նրանց հրթիռներ մատակարարելու մեջ մեղադրում է Իրանին, սակայն Իրանը մշտապես հերքում է այդ մեղադրանքները։

Ավելի վաղ՝ նոյեմբերի 4-ին, հութիները «Բորքան-2» հրթիռներ էին արձակել Էր Ռիադի ուղղությամբ։ Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը որսացել էին հրթիռները։

Միջադեպից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարեց, որ հրթիռային հարձակումը Իրանի սադրանքով է արվել։ Ըստ կոալիցիայի՝ այդ և հուլիսի 22-ի հարձակումը իրանական հրթիռներով է արվել։ Իրանի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց նաև ԱՄՆ-ն։

Կոալիցիան կազմել էր փաստաթուղթ, որում նշվում էր, որ Իրանը սպառազինություն է մատակարարում հութիներին և «ապացուցվում», որ  մայրաքաղաքի ուղղությամբ արձակված հրթիռները իրանական են. փաստաթղթում ներկայացվել են իրանական «Ղիամ-1» հրթիռի  և Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մնացորդների նույնությունը մատնանշող  լուսանկարներ։

Օրերս ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին Վաշինգտոնում ներկայացրել էր նոյեմբերի 4-ին  Էր Ռիադի ուղղությամբ հութիների արձակած բալիստիկ հրթիռի մնացորդները։ Ըստ Հեյլիի՝ ամերիկացի փորձագետները եկել են այն եզրահանգմանը, որ այդ հրթիռը արտադրվել է Իրանում։

Հեյլիի խոսքերով՝ հրթիռն ունի կառուցվածքային այնպիսի առանձնահատկություններ, որոնք բնորոշ են միայն իրանական «Ղիամ 1-ին», ըստ այդմ ստացվում է, որ Իրանը անօրինական կերպով զենք է մատակարարել հութիներին։

Իր հասցեին հնչեցրած մեղադրանքներին ի պատասխան՝ Իրանը հայտարարեց, որ կբողոքի ՄԱԿ-ին և ուսումնասիրության նպատակով կպահանջի իրեն տրամադրել այդ հրթիռի մնացորդները։

Եմենում պատերազմ սկսվել է 2014 թվականից. հակամարտող կողմերն են` մի կողմից շիա հութիները, որոնց սատարում է Իրանը, մյուս  կողմից երկրի սուննի նախագահ Աբդ-Ռաբբա Մանսուրա Հադիին աջակցող ուժերը, այդ թվում՝ Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան։

Հետագայում կռիվը տեղափոխվել  է նաև Սաուդյան Արաբիայի և Եմենի ցամաքային սահման, որտեղ, ինչպես և առհասարակ Եմենի մյուս տարածքներում, կողմերը փոփոխական հաջողություններով կռվում են մինչ օրս։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *