Դեկտեմբերի 14-ին ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիքի Հեյլին Վաշինգտոնում ներկայացրել է նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ հութիների արձակած բալիստիկ հրթիռի մնացորդները։ Ըստ Հեյլիի՝ ամերիկացի փորձագետները եկել են այն եզրահանգմանը, որ այդ հրթիռը արտադրվել է Իրանում։ Այս մասին տեղեկացնում է Reuters լրատվական գործակալությունը։
Ըստ Հեյլիի՝ հրթիռն ունի կառուցվածքային այնպիսի առանձնահատկություններ, որոնք բնորոշ են միայն իրանական «Ղիամ 1-ին»։
Բալիստիկ հրթիռների մնացորդներից բացի ներկայացվել են նաև ԱԹՍ-ի, հակատանկային կառավարվող հրթիռի մնացորդներ, որոնք, ըստ ներկայացուցչի, նույպես իրանական են։
«Սրանք իրանական արտադրության են, սրանք Իրանն է մատակարարել», – հայտարարել է Հեյլին։
Հրթիռների իրանական լինելը «ապացուցված» համարելով, Հեյլին հայտարարել է, որ այդ կերպ Իրանը խախտում է ՄԱԿ ԱԽ 2231 և 2216 (արգելում է Եմենի հութիներին զենք մատակարարել՝ խմբ.) բանաձևերը և անօրինական կերպով զենք է մատակարարում Եմենին։
ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչը նաև հայտարարել է, որ ԱՄՆ-ն պատրաստ է հնարավորություն տալ այլ երկրների փորձագետներին ուսումնասիրել այդ զենքերի մնացորդները։
Նիքի Հեյլիի ելույթից հետո ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը հայտարարել է, որ ՄԱԿ-ի մասնագետները ուսումնասիրում են՝ ինչքանով են հավաստի այն տեղեկությունները, որ Իրանը հութիներին բալիստիկ հրթիռներ է մատակարարում։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Reuters լրատվական գործակալությունը՝ հղում անելով ՄԱԿ-ի գաղտնի զեկույցին, հայտնում էր, որ ՄԱԿ-ի մասնագետները, ովքեր ուսումնասիրում են Եմենի հութիների կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հուլիսի 22-ին և նոյեմբերի 4-ին արձակված հրթիռների մնացորդները, չեն հաստատում, որ այդ հրթիռները իրանական արտադրության են։ Այնուամենայնիվ մասնագետները շարունակում են իրենց ուսումնասիրությունները։
Ըստ գործակալության՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնի Գուտերեշը զեկույցում նշում է, հուլիսի 22-ին և նոյեմբերի 4-ին Սաուդյան Արաբիայի ուղղությամբ հութիների արձակած հրթիռները ունեն կառուցվածքային և արտադրական ընդհանրություններ, որը ենթադրում է, որ դրանք «ընդհանուր ծագում» ունեն։
«Ընդհանուր ծագում» ասելով Գուտերեշը նկատի ունի «Սկադ» հրթիռները։ Իրանական «Ղիամ 1» հրթիռը նույնպես «Սկադի» տարբերակներից է։
Իսկ ավելի վաղ Reuters-ը, հղում անելով ՄԱԿ-ի դիտորդների մեկ այլ գաղտնի զեկույցի, հայտնում էր, որ Եմենի հութի զինյալների կողմից Սաուդյան Արաբիայի ուղղությամբ մայիսի 19-ին, հուլիսի 22-ին, հուլիսի 26-ին և նոյեմբերի 4-ին արձակված բալիստիկ հրթիռները նախագծվել և արտադրվել են Իրանում։
Ըստ գործակալության՝ դիտորդներն այցելել են Սաուդյան Արաբիայի ռազմաբազաներ՝ տեսնելու հրթիռների մնացորդները։ Ուսումնասիրությունից պարզվել է, որ «հրթիռները կառուցվածքային բնութագրերով և չափերով համապատասխանում են իրանական «Ղիամ-1» հրթիռին»։
Նոյեմբերի 4-ին հութիները «Բորքան-2» հրթիռներ էին արձակել Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիադի ուղղությամբ։ Սաուդյան Արաբիայի ՀՕՊ համակարգերը որսացել էին հրթիռները։
Միջադեպից հետո Սաուդյան Արաբիայի գլխավորած կոալիցիան հայտարարեց, որ հրթիռային հարձակումը Իրանի սադրանքով է արվել։ Ըստ կոալիցիայի՝ այդ և հուլիսի 22-ի հարձակումը իրանական հրթիռներով է արվել։ Իրանի հասցեին մեղադրանքներ հնչեցրեց նաև ԱՄՆ-ն։
Կոալիցիան կազմել էր փաստաթուղթ, որում նշվում էր, որ Իրանը սպառազինություն է մատակարարում հութիներին և «ապացուցվում», որ մայրաքաղաքի ուղղությամբ արձակված հրթիռները իրանական են. փաստաթղթում ներկայացվել են իրանական «Ղիամ-1» հրթիռի և Սաուդյան Արաբիայի ուղղությամբ արձակված հրթիռների մնացորդների նույնությունը մատնանշող լուսանկարներ։
Իր հասցեին հնչած բոլոր մեղադրանքները Իրանն անմիջապես հերքել էր։
Նկատենք, որ Իրանը մշտապես մեղադրվում է Եմենում ապստամբած շիադավան հութի ցեղին աջակցելու ու զինելու մեջ, սակայն պաշտոնական Թեհրանը միշտ հերքում է այդ մեղադրանքները։
Այնուամենայնիվ լրատվամիջոցներում մշտապես տարբեր տեղեկություններ են հայտնվում Իրանի զենքի մատակարարումների մասին (1, 2):