Մայիսի 26-ին Մոսուլում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ մղած մարտերի ժամանակ սպանվել է իրանցի գեներալ Շաաբան Նասիրին։ Այս մասին տեղեկացնում է իրանական «Մաշրեղ» լրատվական գործակալությունը։
Ըստ արաբական Al Arabiya հեռուստաալիքի՝ Շաաբան Նասիրին սպանվել է Մոսուլ արևմուտքում գտնվող Ալ Բաաջ շրջանը ազատագրելու գործողության ժամանակ։
Նասիրին եղել է Իրաքի ժողովրդական մոբիլիզացիոն ուժերի խորհրդականներից։ Մինչև Իրաք ուղարկվելը գեներալը երկար ժամանակ խորհրդատվական առաքելություն է իրականացրել Սիրիայում։ Նասիրին նաև իրանա-իրաքյան պատերազմի վետերաններից էր։
Ահաբեկչական խմբավորումների դեմ մղած պայքարում Իրանը օժանդակում է Սիրիային և Իրաքին։ Վերջին մի քանի տարիների ընթացքում Սիրիայում արդեն սպանվել է 10 իրանցի գեներալ։
Մարտին Իրանի շահիդների և վետերանների միության ղեկավար Մուհամեդ Ալի Շահիդի Մահալաթին հայտարարել էր, որ Սիրիայում և Իրաքում մինչև այժմ սպանվել է Իրանի կողմից ուղարկված 2100 մարտիկ։
Մահալաթին չէր մանրամասնել, թե այդ մարտիկները որ ազգության ներկայացուցիչներ են եղել։ Ըստ Reuters գործակալության` Իրանը Սիրիա է ուղարկում հիմնականում աֆղանցիներից և պակիստանցիներից կազմված ջոկատներ: Մասնավորապես պակիստանցիներից կազմվել է «Զեյնաբիյունի», իսկ աֆղանցիներից՝ «Ֆաթեմյունի» ջոկատները։
Մինչ այս՝ նոյեմբերին, Մահալաթին հայտարարել էր, որ միայն Սիրիայում Իրանի կողմից կռվող 1000-ից ավելի մարտիկ է զոհվել: Ավելի վաղ՝ 2015թ. հունիսին հայտնի էր դարձել, որ Սիրիայում սպանվել է Իրանից ուղարկված շուրջ 400 մարտիկ՝ հիմնականում աֆղանցիներ: