Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Շրնաքի ժանդարմերիայի ստորաբաժանումներ

Մայիսի 28-ին Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուն այցելել է երկրի հարավարևելյան Շրնաք նահանգի Քաթո լեռների շրջան, որտեղ Թուրքիայի ուժայինները գործողություններ են իրականացնում «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ: Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:

Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Շրնաք նահանգում PKK-ի դեմ գործողություն իրականացնող զինծառայողներին

Թուրքիայի ՆԳ նախարարը այցելել է Շրնաք նահանգում PKK-ի դեմ գործողություն իրականացնող զինծառայողներին

Սուլեյման Սոյլուին ուղեկցել է նաև Թուրքիայի Ժանդարմերիայի գլխավոր հրամանատար Յաշար Գյուլերը: ՆԳ նախարարը ստուգումներն է իրականացրել Շրնաք Բեյթուշշեբափ գավառի ժանդարմերիայի ստորաբաժանումներում, ստուգել է PKK-ի դեմ գործողություններում ներգրվված զինծառայողների մարտունակությունը և տվել է համապատասխան հրահանգներ: Նշենք, որ մոտ 40 օր է, ինչ Թուրքիայի ուժայինները ռազմական գործողություններ են սկսել Շրնաք նահանգում:

Բացի ցամաքային գործողություններից, քրդերի դեմ գործողություններին մասնակցում են նաև ռազմաօդային ուժերի ինքնաթիռները: Մայիսի 27-ին Թուրքիայի արևելյան Վան նահանգում PKK-ի զինյալների գտնվելու վայրը ճշտվել է թուրքական տեղական արտադրության ԱԹՍ-ով, ինչից հետո Թուրքիայի ՌՕՈւ Ֆ-16 կործանիչնեչը հարվածել են PKK-ի դիրքերին: Թուրքական կողմի պնդմամբ՝ «շարքից հանվել է» քրդական կառույցի 10 զինյալ: Հայտնում է «Անադոլու» գործակալությունը:

Միևնույն ժամանակ թուրքական կողմը ևս շարունակում է կորուստներ ունենալ զինված ուժերում: Մայիսի 26-ին Սիիրթ (Սղերթ) նահանգում քրդերի դեմ գործողությունների ժամանակ սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող: Մայիսի 28-ին հիվանդանոցում մահացել է Շրնաք նահանգում ավելի վաղ վիրավորված զինծառայողներից մեկը:

Նշենք, որ վերջին շրջանում կրկին ինտենսիվացել են թուրք-քրդական բախումները, որոնք վերսկսվել են դեռևս 2015-ի ամռանից: Մինչև այժմ Թուրքիայի արևելքում և հարավ-արևելքում մի շարք բնակավայրեր վերածվել են ավերակների, տեղահանվել է 350-500 մարդ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *