ԱՄՆ-ն ևս 200 զինծառայող է ուղարկելու մերձավորարևելյան տարածաշրջան

Միացյալ Նահանգների ցամաքային զորքերի ևս 2 վաշտ տեղակայվելու է Մերձավոր Արևելքում՝ կա´մ Իրաքի, կա´մ Սիրիայի անվտանգությունը ապահովելու համար: Այս մասին հայտնում է ամերիկյան Fox News հեռուստաընկերության կայքը՝ հղում անելով ռազմական աղբյուրներին:

Մոսուլի գրավման գործողությունից: Նկարը՝ Ռոյթերս գործակալության:

Մոսուլի գրավման գործողությունից: Նկարը՝ Ռոյթերս գործակալության:

Աղբյուրի համաձայն՝  ԱՄՆ-ն Մերձավոր Արևելք է ուղարկելու 82-րդ օդադեսանտային դիվիզիայի 200 զինծառայող, բայց դեռ պարզ չէ՝ կոնկրետ որտեղ են տեղակայվելու նրանք:

Այդ որոշումը ընդունելու է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարող ԱՄՆ կոալիցիայի գլխավոր հրամանատար Ստեֆան Թաունսենդը: ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) դեռ մանրամասներ չի հաղորդել այս թեմայի շուրջ:

Մարտի 17-ին հայտնի է դարձել, որ ԱՄՆ ղեկավարաթյունը՝ նախագահ Դոնալդ Թրամփի գլխավորությամբ, քննարկում է Քուվեյթում մինչև 1000 զինծառայողից բաղկացած զորախումբ տեղակայելու հարցը։  Այդ զորքերը նախատեսվում է օգտագործվել որպես պահեստային զորք՝ Սիրիայում և Իրաքում ԻՊ դեմ պայքարի համար:

Բացի այդ, ԱՄՆ-ն հավելյալ զորք է ուղարկել Սիրիայի տարածք: Մարտի 12-13-ին Միացյալ Նահանգների ծովային հետևակի մոտ 400 զինծառայողներ արդեն հասել են Սիրիա և տեղակայվել են երկրի հյուսիս-արևելքում՝ Հասաքա նահանգի՝ քրդական ուժերի վերահսկողության տակ գտնվող հատվածում։

Նշենք, որ վերջին շրջանում ԻՊ-ն հսկայական տարածքներ է կորցրել և՛ Իրաքում, և՛ Սիրիայում: Իրաքում այժմ կառավարական ուժերը և նրանց աջակցող խմբերը մարտեր են մղում ԻՊ-ից Մոսուլ քաղաքի ազատագրման համար: Մոսուլ քաղաքում իսլամիստների վերահսկողության տակ մնացել է միայն մի փոքր հատված:

Մարտի 27-ին Իրաքի վարչապետ Հայդար Ալ-Աբադին հայտարարել է, որ ԻՊ-ն կարճ ժամանակում ամբողջությամբ կջախջախվի: Նա հայտարարել է, որ մի քանի շաբաթների ընթացքում նրանք կստիպեն ԻՊ-ին հեռանալ Իրաքից:

Միևնույն ժամանակ ԻՊ դեմ հաջող մարտեր են մղում նաև Սիրիայում, ոչ միայն կառավարական ուժերի, այլև քրդական կառույցները: Մասնավորապես մարտի 27-ին ԱՄՆ աջակցությամբ գործող արաբներից, քրիստոնյաներից և գլխավորապես քրդերից կազմված «Սիրիայի դեմոկրատական ուժերը» (SDF) վերահսկողություն են հաստատել Սիրիայի խոշորագույն ջրամբարի վրա, ինչպես նաև «Իսլամական պետություն» խմբավորումից գրավել Տաբկայի ավիաբազան: Ներկայում ԻՊ զինյալները Սիրիայում խոշոր քաղաքներից միայն Ռաքքայի նկատմամբ վերահսկողություն ունեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *