Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 15 ընկերության նկատմամբ

Իրանը պատժամիջոցներ է սահմանել ամերիկյան 15 ընկերության նկատմամբ, որոնք, ըստ Իրանի ԱԳՆ հայտարարության, «մասնակցություն են ունեցել սիոնիստական ռեժիմի հանցագործություններին, տարածաշրջանի ժողովուրդների ճնշմանը և աջակցել են ահաբեկիչներին»։ Այս մասին մարտի 26-ին տեղեկացնում է Իրանի ԱԳՆ պաշտոնական կայքը։

Մինչ այդ՝ մարտի 24-ին, ԱՄՆ-ն հայատարարել էր, որ պատժամիջոցներ է սահմանում 10 երկրների 30 ընկերության և ֆիզիկական անձի նկատմամբ։ Փոխանցում է Reuters լրատվական գործակալությունը։

Մասնավորապես Հյուսիսային Կորեայի, Չինաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների 11 ընկերություններ մեղադրվում են Իրանին այնպիսի տեխնոլոգիաներ մատակարարելու մեջ, որոնք կարող  են զարգացնել Թեհրանի բալիստիկ հրթիռների ծրագիրը։

Ամերիկյան Raytheon ընկերությունը

Ամերիկյան Raytheon ընկերությունը

Մնացած 19 ընկերությունների նկատմամբ պատժամիջոցներ են սահմանվել Իրանում, Հյուսիսային Կորեայում և Սիրիայում զենքի չտարածման մասին օրենքի այլ խախտումների համար։

Ըստ Իրանի արտգործնախարարության հայտարարության՝Իրանի սահմանած  պատժամիջոցները ԱՄՆ այս պատժամիջոցների պատասխան քայլն էին։

Պատժամիջոցներ են սահմանվել United Technologies, Raytheon, ITT Corporation, Re/Max Real Estate, Oshkosh Corporation, Magnum Research Inc և այլ ընկերությունների նկատմամբ։ Արգելվել է ընկերությունների հետ որևէ գործարքի իրականացումը։ Ընկերությունների ակտիվները առգրավվելու են, իսկ նրանց ներկայացուցիչներին իրանական վիզա չի տրվելու։

Հիշեցնենք, որ ավելի վաղ ԱՄՆ Դեմոկրատական և Հանրապետական կուսակցությունների սենատորները ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի (Սենատ) քննարկմանն էին ներկայացրել Իրանի դեմ նոր պատժամիջոցներ կիրառելու օրինագիծ։

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում,2016թ.

Բալիստիկ հրթիռի փորձարկում Իրանում, մարտ 2016թ.

Օրինագծով նախատեսվում է պատժամիջոցներ կիրառել բոլոր նրանց դեմ, ովքեր որևէ մասնակցություն ունեն են Իրանի բալիստիկ հրթիռների ծրագրերում, ինչպես նաև  Իրանի իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ)  դեմ, քանի որ վերջինս «աջակցում է ահաբեկիչներին»։

Օրինագիծը նաև ԱՄՆ նախագահից պահանջում է առգրավել այն մարդկանց ունեցվածքը, ովքեր կփորձեն Իրանին արգելված զենքեր վաճառել։

Օրինագիծը մշակողներից Ռոբերտ Մենենդեսը հայտնում է, որ օրինագծի դրույթներն այնպես են կազմվել, որ չազդեն Իրանի միջուկային համաձայանգրի վրա։

Ավելի վաղ ԱՄՆ-ն «ահաբեկիչներին օգնելու, մարդու իրավունքները խախտելու և բալիստիկ հրթիռներ փորձարկելու համար» նոր պատժամիջոցներ էր սահմանալ Իրանում, Լիբանանում, Չինաստանում, ԱՄԷ-ում տեղակայված  12 ընկերության և 13 քաղաքացիական անձի նկատմամբ։

Մինչ այդ  Իրանը Թեհրանից 225 կմ հեռավորության վրա միջին հեռահարության բալիստիկ հրթիռ էր փորձարկել, որի առնչությամբ հունվարի 31-ին  ՄԱԿ ԱԽ-ն արտահերթ քննարկում անցկացրեց։ Քննարկմանը ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Նիկի Հեյլին Իրանի կողմից բալիստիկ հրթիռի փորձարումը  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևի խախտում էր համարել և հայտարարել, որ ԱՄՆ-ն համապատասխան ձևով կարձագանքի։

Ըստ Իրանի՝  երկրի հրթիռային ծրագիրը բացառապես պաշտպանական դոկտրինայի շրջանակներում է և չի հակասում  ՄԱԿ ԱԽ 2231 բանաձևին, քանի որ հրթիռները միջուկային մարտագլխիկներ չեն կրելու։

Հիշեցնենք, որ 2017-ի հունվարին Իրանի խորհրդարանը ընդունեց օրինագիծ, որով կառավարությունը պարտավորվում է համապատասխան միջոցառումներ ձեռնարկել  երկրի պաշտպանունակությունը բարձրացնելու նպատակով։ Օրինագծով, ի թիվս մի շարք այլ միջոցառումների, նախատեսվում է ավելացնել հրթիռների արտադրությունը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *