Փետրվարի 23-ին ՄԱԿ-ի աջակցությամբ ժնևում սկսվել են Սիրիայի հարցով բանակցությունները։ 3 տարվա մեջ առաջին անգամ սիրիական կառավարության և ընդդիմադիրների ներկայացուցիչները բանակցային սեղանի շուրջ են նստել միասին։ Այս մասին հայտնում է Reuters լրատվական գործակալությունը։
Բանակցությունների բացման պաշտոնական արարողությանը ելույթ է ունեցել ՄԱԿ-ի հատուկ դեսպան Ստաֆֆան դե Միստուրան։ Գնահատելով բանակցային գործընթացում գրանցված առաջընթացքը՝ Միստուրան կողմերին կոչ է արել միասին աշխատել և վերջ դնել հակամարտությանը։
Հանդիպմանը հրավիրված են նաև Սիրիային աջակցող միջազգային խմբի ներկայացուցիչները՝ յուրաքանչյուր երկրից 2 ներկայացուցիչ։
Բանակցություններին քննարկվելու են Սիրիայում նոր սահմանադրության հաստատման, ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցեր։
Ժնևի այս բանակցությունները մեկնարկել են 10 ամիս տևած ընդմիջումից հետո։
Հիշեցնենք, որ փետրվարի 15-16-ը Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում Սիրիայի կառավարական և որոշակի ընդդիմադիր ուժերի, Ռուսաստանի, Թուրքիայի, Իրանի, Հորդանանի և ՄԱԿ-ի ներակայացուցիչների մասնակցությամբ անցկացվեց սիրիական հակամարտության հարցով բանակցությունների երկրորդ փուլը։
Բանակցությունների հիմնական նպատակը Սիրիայում հրադադարի հաստատման մեխանիզմների մշակումն էր: Կողմերը քննարկել են հրադադարը խախտողի դեմ պատժամիջոցներ կիրառելու խնդիրը:
Իսկ հունվարի 23-24-ին՝ Աստանայում բանակցությունների առաջին փուլի ընթացքում Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնության էին հասել Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ: Սակայն բացի այս քայլը, սիրիական հակամարտության կարգավորման հարցով որևէ հստակ պայմանավորվածություն չէր հաջողվել ձեռք բերել: