Աստանան ցույց տվեց Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի տարաձայնությունները Սիրիայի հարցում

Հունվարի 23-24-ին Աստանայում անցկացվել են սիրիական հակամարտության կարգավորմանն ուղղված բանակցություններ: Ռուսաստանյան կողմը հայտարարում է, որ քննարկումները հաջող են ընթացել՝ մասնավորապես Սիրիայում հրադադար հաստատելու պայմանավորվածության տեսանկյունից: Սակայն առայժմ որևէ հստակ փաստաթղթի ստորագրման մասին տվյալներ չկան:

Աստանայում չի հաջողվել առանձին քննարկման սեղանի շուրջ նստեցնել Սիրիայի կառավարության և ընդդիմադիր զինյալ խմբավորումների ներկայացուցիչներին: Մյուս կողմից, Թուրքիան, Ռուսաստանը և Իրանը համաձայնության են հասել Սիրիայում հրադադարի պահպանման եռակողմ մեխանիզմի մշակման շուրջ:

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Թուրքիայի զինուժը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում։

Մեկնաբանելով բանակցությունների ընթացքը՝ ինչպես նաև առհասարակ սիրիական հակամարտության հարցում երեք հիմնական խաղացողների դիրքորոշումը՝ քաղաքական մեկնաբան Հայկ Խալաթյանը նշեց, որ կողմերից յուրաքանչյուրն ունի իր սեփական շահերը, որոնք ոչ մի կերպ չեն համընկնում մյուս երկուսի շահերին:

«Կողմերը արդեն հայտարարել են, սակայն ես մինչև վերջ վստահ չեմ, որ հրադադարի ռեժիմը կպահպանվի: Պետք է հասկանալ, թե կողմերից յուրաքանչյուրը ինչ մոտեցում ունի այս հակամարտությանը: Ինչու՞ եմ ես որոշակի կասկածանքով մոտենում, որովհետև օրինակ Իրանի համար այս հակամարտությունը ռազմավարական կարևոր նշանակություն ունի: Նրա դիրքորոշումը ամբողջովին համընկնում է Ասադի դիրքորոշման հետ, և նրանք երկուսն էլ հանդես են գալիս պատերազմը մինչև լիակատար հաղթանակ շարունակելու տեսանկյունից:

Ռուսաստանին Սիրիայում հաղթական ելքով պատերազմ պետք չէ, որովհետև նա հասկանում է, որ ներգրավվածության ներկա ծավալներով հնարավոր չէ այդպիսի հաղթանակի հասնել: Դա հնարավոր չէ անել առանց Ռուսաստանի ռազմական միջամտության ընդլայնման, իսկ դա նրան պետք չէ»:

Քաղաքական մեկնաբանը խոսքով՝ նման պայմաններում Ռուսաստանը հասկանում է, որ պետք է որոշակի փոխզիջումների գնա, այդ թվում՝ նաև Թուրքիայի հետ, ում աջակցությամբ Սիրիայում գործում են բազմաթիվ իսլամիստական խմբավորումներ: Ըստ այդմ, կողմերը պետք է համագործակցեն՝ որոշակի փոխզիջումային լուծման հասնելու համար:

Անդրադառնալով Թուրքիայի դիրքորոշմանը՝ Խալաթյանը նշեց, որ վերջինս ցանկանում է ամրապնդել իր դիրքերը Սիրիայի հյուսիսում, թուլացնել քրդերին: Հենց Աստանայի բանակցությունների ընթացքում՝ հունվարի 24-ին, Թուրքիայի փոխվարչապետ Նուման Քուրթուլմուշը հայտարարել էր, որ Սիրիայի տարածքում ռազմական գործողություների նպատակը այդ տարածքները Թուրքիայի վերահսկողության տակ պահելն է:

««Եփրատի վահան» գործողության և Ալ-Բաբի մարտերի նպատակն այն չէ, որ այդ տարածքներն ահաբեկիչներից ազատագրելուց հետո հանձնենք Սիրիայի ռեժիմին: Ի սկզբանե էլ ասել ենք, որ Եփրատի Վահանը Թուրքիայի միջազգային անվտանգության ապահովմանն ուղղված գործողություն է»:

Ռուսաստանն  առայժմ որևէ կերպ չի մեկնաբանել թուրքական կողմի հայտարարությունը: Ըստ իրանագետ Վարդան Ոսկանյանի՝ Իրանը ևս պաշտոնական մակարդակով չի արձագանքել, սակայն իրանական կողմի գործողությունները և դիրքորոշումը ցույց են տալիս, որ այդ երկիրը դեմ է Սիրիայի տարածքում ցանկացած օտարերկրյա ներկայության: Խոսքը վերաբերում է նաև թուրքական բանակին:

«Բնական է, որ թուրքական ներկայությունը Սիրիայում միանշանակ հակասում է իրանական կողմի շահերին, և իրանցիները օգտագործելու են իրենց ունեցած բոլոր լծակները, այդ ներկայությունը հնարավորին փոքրացնելու, իսկ հնարավորության դեպքում նաև բոլորովին զրոյացնելու առումով: Հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ Թուրքիան վարում է երկակի խաղ: Բոլորի համար պարզ է, որ Թուրքիան չի խզել իր կապերը նաև ահաբեկչական կառույցների հետ»:

Աստանայի բանակցություններում ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ Ալեքսանդր Լավրենտևը հայտնել է, որ Ռուսաստանը զինյալներին ներկայացրել է այդ երկրի նոր սահմանադրության նախագիծ: Ռուսաստանն առաջարկում է ստեղծել քրդական իքնավարություն, նախագահի պաշտոնավարման ժամկետը սահմանել 7 տարի՝ առանց վերընտրման իրավունքի, առավել լայն լիազորություններ տալ խորհրդարանին: Նաև բացառվում է այն կետը, որ Սիրիայում իրավունքի հիմնական աղբյուրը շարիաթն է՝ իսլամական օրենքների հավաքածուն:

Սիրիայի Հալեպ քաղաքը. Օգոստոս 2016 թ.

Սիրիայի Հալեպ քաղաքը. Օգոստոս 2016 թ.

Աստանայում սիրիական ընդդիմադիր զինյալ խմբավորումների պատվիրակության ղեկավար Մուհամեդ Ալուշը, սակայն, հունվարի 26-ին հայտարարել է, որ իրենք չեն ընդունում Ռուսաստանի առաջարկած նախագիծը: Նա մասնավորապես ընդգծել է, որ Սիրիայի սահմանադրությունը պետք է տեղում կազմվի, այլ ոչ թե ներդրվի դրսից: Ըստ Ալուշի՝ Ռուսաստանի այս քայլը նույնքան անարդյունավետ է, որքան Միացյալ Նահանգների գործելոճն էր Իրաքում:

Սիրիական զինյալները նաև ներկայացրել են իրենց պահանջները, որոնք ուղղված են Սիրիայից օտարերկրյա զինուժի դուրսբերմանը: Պահանջվում է նաև, որ Իրանը դադարի լինել հրադադարը երաշխավորող կողմ: Անդրադառնալով Իրանի դիրքորոշմանը՝ իրանագետ Վարդան Ոսկանյանը նշեց, որ Սիրիայում այդ երկրի երկարաժամկետ շահերը պայմանավորված են Բաշար ալ-Ասադի իշխանության պահպանման հետ:

«Այն կարծիքները, թե Թուրքիան, Իրանը, Ռուսաստանը և այլ դերակատարներ ըստ էության Սիրիան փորձում են կիսել՝ բաժանելով այն ազդեցության գոտիների, իրանական կողմի համար անընդունելի է»:

Ավելացնենք, որ հունվարի 27-ին ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը պետք է ընդունի սիրիական ընդդիմադիր խմբավորումների ներկայացուցիչներին:  Քննարկման թեման լինելու են Աստանայի բանակցությունների արդյունքները, ինչպես նաև փետրվարի 8-ին Ժնևի բանակցությունների նախապատրաստումը: Բանակցություններին մասնակցելու են նաև Սիրիայի քրդերի ժողովրդավարական կուսակցության (PYD) ներկայացուցիչները:

Հիշեցնենք, որ քրդական այս կառույցը Աստանայի բանակցություններին չէր ներգրավվել: Քրդերին ներկայացնում էին հիմնականում իրաքյան քրդական ազդեցության ոլորտում գտնվող կառույցի ներկայացուցիչներ, որոնք Սիրիայում առանձնապես մեծ ազդեցություն չունեն: Սակայն անգամ նրանք հրաժարվեցին մնալ բանակցություններին: Սիրիայի հարցով միջազգային ֆորմատով բանակցություններին քրդական ուժերի ներգրավմանը ավանդաբար դեմ է կագնում Թուրքիան: