Բերձորի գյուղերից մեկը ականազերծելու համար կազմակերպվել է դրամահավաք

ONEArmenia-ն և  Արցախի տարածքը ականներից և չպայթած զինամթերքից մաքրող «Հալո Թրաստ» (Halo Trust) կազմակերպությունը սկսել են «Mine Free Lachin» ծրագիրը, որով Բերձորի Մեղվաձոր գյուղի շրջանում կականազերծվի է 31 հազար մ² տարածք: Այս մասին հայտնի է դարձել One Armenia կազմակերպության պաշտոնական կայքից:

«Հալո Թրաստ» կազմակերպության ականազերծման աշխատանքները Արցախում

«Հալո Թրաստ» կազմակերպության ականազերծման աշխատանքները Արցախում

Բերձորում մնացել է 31 ականադաշտ, և դրանցից մեկն ականներից մաքրելու համար կազմակերպությունները հանգանակություն են կազմակերպել՝ նպատակ ունենալով հավաքել մոտ 96 հազար ԱՄՆ դոլար: Փետրվարի 24-ի դրությամբ այդ գումարից հավաքվել է 15 հազար դոլարը:

Նախկին ԼՂԻՄ տարածքների համար «Հալո Թրաստի» ականազերծման աշխատանքները ֆինանսավորում է USAID-ն: Սակայն այդ ծրագրից դուրս են մնում Արցախի մյուս տարածքները:  Ստորև «Հալո Թրաստի» քարտեզում երևում է, որ ականապատ զգալի տարածքներ կան նաև նախկին ԼՂԻՄ-ից դուրս գտնվող արցախյան տարածքներում:

Քարտեզում կանաչ գույնով նշված են արդեն մաքրված ականադաշտերը, կարմիրով՝ մինչև 2020թ. մաքրվելիք տարածքները:

Հավելենք, որ 2016-ին Արցախի տարածքում «Հալո Թրաստի» աշխատակիցները ոչնչացրել են 159 ական, կասետային զինամթերքի 165 պայթուցիկ մնացորդ, 2 ավիառումբ և 77 կտոր այլ չպայթած զինամթերք: Ընդհանուր առմամբ՝ «Հալո Թրաստը» ականներից մաքրել է 24 ականադաշտ, ինչի արդյունքում մոտ 90 հեկտար տարածք վերադարձվել է համայնքներին՝ հողագործության համար:

Կազմակերպության հաշվետվության մեջ նշվում է, որ իրենք կարողացել են հավաքել ամբողջ Արցախն ականներից մաքրելու համար անհրաժեշտ 4 մլն դոլարի 20 տոկոսը: Հիշեցնենք, որ կազմակերպությանը նպատակն է Արցախի տարածքն ականներից և չպայթած զինամթերքից ամբողջությամբ մաքրել մինչև 2020 թվականը:

«Հալո Թրաստի» տվյալներով՝ 1995-ից սկսած Արցախում 370 քաղաքացիական է զոհվել` չպայթած ականների և զինամթերքի պատճառով. սա աշխարհում մեկ շնչին բաժին ընկնող ամենաբարձր ցուցանիշներից մեկն է:

Կազմակերպության տվյալներով՝ ականազերծման աշխատանքների արդյունքում վերջին 10 տարիներին զգալիորեն նվազել է Արցախում ականների պայթյուններից տուժողների քանակը:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *