Ռուսաստանը հայտնում է Սիրիայում ԱՄՆ գլխավորած կոալիցիայի հետ համատեղ գործողությունների մասին

Հունվարի 22-ին Ռուսաստանի օդատիեզերական ուժերի 2 ինքնաթիռներ ԱՄՆ գլխավորած միջազգային կոալիցիայի օդուժի 2 ինքնաթիռների հետ միասին ավիահարվածներ են հասցրել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին՝ ոչնչացնելով զենքի և նավթի պահեստներ: 

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում

ՌԴ ԶՈւ Սու-30ՍՄ կործանիչը Սիրիայի «Հմեյմիմ» ավիաբազայում

Այս մասին հունվարի 23-ին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով ՌԴ ՊՆ մամուլի ծառայությանը:

Աղբյուրը հայտնում ՝ նաև, որ Ալ-Բաբի մոտակայքում ԻՊ թիրախների կոորդինատները ճշտել և ռուսաստանյան կողմին հայտնել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի շտաբը:

Սակայն, հունվարի 23-ին ԱՄՆ պաշտպանության նախարարությունը (Պենտագոն) հերքել է ԱՄՆ գլխավորած կոալիցիայի և Ռուսաստանի համատեղ գործողությունների մասին ռուսաստանյան կողմի հայտաարարությունը: Հայտնում է ամերիկյան Washington Times պարբերականը:

Բացի այդ, ռուսաստանյան կողմը հայտնել է նաև, որ հունվարի 21-ին Ռուսաստանի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները թուրքական զինուժի հետ համագործակցությամբ կրկին ավիահարվածներ են հասցրել Ալ-Բաբում ԻՊ զինյալների դիրքերին:

Երկու երկրների օդուժի համատեղ գործողություններին, սիրիական կողմի թույլտվությամբ, մասնակցել է ՌԴ օդուժի 3 ինքնաթիռ, այդ թվում 2 միավոր Սու-24Մ կործանիչ-ռմբակոծիչ և 1 միավոր Սու-34 ռմբակոծիչ, իսկ թուրքական կողմից՝ 2 միավոր Ֆ-16 և 2 միավոր Ֆ-4 կործանիչ: Ընդհանուր առմամբ, ոչնչացվել է ԻՊ 22 թիրախ:

Հիշեցնենք, որ Ռուսաստանի և Թուրքիայի օդուժը առաջին անգամ համատեղ ավիահարվածներ հասցրել են Սիրիայում ԻՊ դիրքերին դեռևս հունվարի 18-ին: Բացի այդ, հունվարի 18-ին թուրքական կողմը հայտնել է, որ նույն օրը Սիրիայի Ալ-Բաբ քաղաքում ԻՊ դիրքերին հարվածել են նաև ԱՄՆ գլխավորած օդուժի ինքնաթիռները: Այդ թվում ներգրավվել են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի օդուժը:

Ավելի վաղ՝ հունվարի 12-ին, Ռուսաստանի ՊՆ-ն և Թուրքիայի ԶՈւ ԳՇ-ն ստորագրել էին Սիրիայի տարածքում երկու երկրների ռազմաօդային ուժերի գործողությունների ընթացքում պատահարների կանխարգելման, թռիչքների անվտանգության ապահովման մասին համաձայնագիր։

Միևնույն ժամանակ Ռուսաստանի օդուժը արդեն մի քանի անգամ ավիահարվածներ է հասցրել ԻՊ դիրքերին Սիրիայի մեկ այլ բնակավայրում՝ Դեր Զորում: Ռուսաստանյան կողմի ավիահարվածներին զզուգահեռ ներկայում ակտիվ մարտեր են ընթանում Դեր Զորում Սիրիայի կառավարական ուժերի և ԻՊ զինյալների միջև:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *