Դեկտեբերի 29-ին Թուրքիայի զինուժը Քոջաելի նահանգից շուրջ 30 հետևակի մարտական մեքենա և զրահափոխադրիչ է ուղարկել երկրի հարավային՝ Սիրիային սահմանակից, Գազիանթեփ նահանգի Իսլահիե գավառ: Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերլեր» լրատվակայքը:
Զինտեխնիկայի հետ միասին Գազիանթեփ է ուղարկվել նաև Թուրքիայի ԶՈւ անձնակազմ: Զինտեխնիկան և անձնակազմը առայժմ տեղակայվելու են Թուրքիայի ցամաքային զորքերի 2-րդ բանակի 6-րդ կորպուսի Գազիանթեփ նահանգում տեղակայված 5-րդ զրահատանկային բրիգադի հրամանատարությունում, այնուհետև ուղարկվելու են անմիջապես Սիրիայի հետ սահման:
Նշենք, որ վերջին շրջանում Թուրքիայի զինուժը մեծացնում է Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներում իր զինտեխնիկան:
Դեկտեմբերի 25-ին Թուրքիայի ԶՈւ-ն երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 106-րդ հրետանային գնդի հրամանատարությունից 10 միավոր «Ֆըրթընա» հաուբից, զրահափոխադրիչներ, տանկերից կազմված շարասյուն և անձնակազմ է տեղափոխել նույն նահանգի Օղուզելի և Քարքամըշ գավառների՝ անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ: Դեկտեմբերի 26-ին շուրջ 500 զինծառայող է ուղարկել Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայր՝ այնտեղ ընթացող գործողություններին մասնակցելու համար:
Դեռևս դեկտեմբերի 9-10-ին նույն գնդի հրամանատարությունից 45 տանկ, զինվորական մեքենաներ և անձնակազմ է ուղարկվել անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:
Միևնույն ժամանակ նշենք, որ վերջին շրջանում մեծացել են Թուրքիայի զինուժի կորուստները Սիրիայում ընթացող գործողությունների ընթացքում: Միայն դեկտեմբերի 21-ին թուրքական կողմը հայտնել է 16 զինծառայողի կորստի մասին՝ վիրավորների թիվը անցնում էր 30-ը։ Բացի այդ Թուրքիայի զինուժը նաև տանկերի և այլ զինտեխնիկայի կորուստ է ունենում Ալ-Բաբի շրջանում:
Սեպտեմբերից մինչ այժմ Թուրքիայի զինուժը գործողություններ է սկսել ԻՊ զինյալներից Ալ-Բաբը գրավելու համար, որը Սիրիայի հյուսիսում ԻՊ վերահսկողության տակ գտնվող վերջին խոշոր բնակավայրն է և կարևոր թուրքական կողմի համար, քանի որ փակում է քրդական 2 ինքնավար շրջանների միջև ճանապարհը: Այդ պատճառով Թուրքիայի զինուժը ամեն կերպ փորձում է վերահսկողություն սահմանել Ալ-Բաբի վրա:
2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:
Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է: