Դեկտեմբերի 10-ին Թուրքիայի զինուժը երկրի հարավային Գազիանթեփ նահանգի Իսլահիյե գավառում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 106-րդ հրետանային գնդի հրամանատարությունից 25 տանկ, զինվորական մեքենաներ և անձնակազմ է ուղարկել նույն նահանգի Օղուզելի և Քարքամըշ գավառների՝ անմիջապես Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:
Այս մասին հայտնում է թուրքական պետական «Անադոլու» գործակալությունը:
Դեկտեմբերի 9-ին Թուրքիայի զինուժը նույն հրետանային գնդից ևս 20 տանկ և զինվորական մեքենաներ է ուղարկել Սիրիայի հետ սահմանին տեղակայված ստորաբաժանումներ:
Նշենք, որ 106-րդ հրետանային գունդը ընդգրկված է Թուրքիայի ԶՈւ ցամաքային զորքերի 2-րդ բանակի 6-րդ կորպուսի կազմում: 2-րդ բանակի ստորաբաժանումները տեղակայված են Թուրքիայի՝ Սիրիայի, Իրաքի և Իրանի հետ սահմաններին հարող տարածքներում: Բացի այդ, 2-րդ բանակի վերահսկողության տակ գտնվող տարածքներում են կենտրոնացած «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) հիմնական ուժերը: 2-րդ բանակի շտաբը տեղակայված է Մալաթիայում:
Դեկտեմբերի 8-ին Թուրքիայի հարավարևմտյան Դենիզլի նահանգում տեղակայված ԶՈւ ցամաքային զորքերի 11-րդ հատուկ նշանակության բրիգադի հրամանատարությունից 300 զինծառայող ուղարկվել է թուրք-սիրիական սահման՝ Սիրիայում ընթացող «Եփրատի վահան» գործողությանը մասնակցելու համար:
Հիշեցնենք, որ 2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:
Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:
Հուլիսի 15-16-ին ռազմական հեղաշրջման փորձից հետո Թուրքիան դուրս է բերել զինուժի ստորաբաժանումները Ստամբուլից և Անկարայից: Ընդ որում Ստամբուլի Մալթեփե շրջանում տեղակայված ստարաբաժանումներից մի խումբ տանկեր, ռազմական տեխնիկա և անձնակազմ ուղարկվել է հենց Իսլահիե գավառի 106-րդ հրետանային գունդ (1, 2, 3):
Pingback: Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա կուտակել անմիջապես Սիրիայի հետ սահման | Ռազմ.info
Pingback: Թուրքիայի զինուժը շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիայի հետ սահմանակից նահանգներում | Ռազմ.info
Pingback: Թուրքիան շարունակում է տանկեր ուղարկել Սիրիայի տարածք | Ռազմ.info