Այսօր՝ դեկտեմբերի 30-ին, Սիրիայի հյուսիսային Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի ԶՈւ զինծառայողների և «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ 1 զինծառայող, առնվազն 5 զինծառայող վիրավորվել է։ Այս մասին հայտնում է թուրքական «Հաբերթյուրք» լրատվակայքը։
Համաձայն աղբյուրի՝ ԻՊ զինյալները հարձակվել են Ալ-Բաբ քաղաքի մոտակայքում գտնվող Ազրաք գյուղը հարավում տեղակայված Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա։ Թուրքական կողմը հայտնում է, որ Թուրքիայի զինուժը «շարքից հանել է» ԻՊ 26 զինյալի։
Դեկտեմբերի 29-ին Ալ-Բաբ բնակավայրի մոտակայքում Թուրքիայի ԶՈւ և ԻՊ բախումներում սպանվել է Թուրքիայի ԶՈւ ևս 1 զինծառայող, առնվազն 9 զինծառայող վիրավորվել է։ Վիրավորված զինծառայողները տեղափոխվել են Թուրքիայի հարավային՝ Սիրիայի սահմանակից Քիլիս նահանգի հիվանդանոցներ։ Այս մասին հայտնում է թուրքական «Հյուրիեթ» պարբերականի կայքը։
Այսպիսով վերջին 2 օրվա ընթացքում Սիրիայում սպանվել է 2 թուրք զինծառայող, վիրավորվել առնվազն 14-ը։
Համաձայն «Հյուրիեթ» պարբերականի՝ մինչև այժմ Սիրիայում Թուրքիայի զինուժի գործողությունների ժամանակ սպանվել է ԶՈւ 40 զինծառայող։
Նշենք, որ վերջին շրջանում Սիրիայում ԻՊ դեմ գործողությունների ժամանակ մեծացել են Թուրքիայի զինուժի կորուստները։ Մասնավորապես վերջին մեկ շաբաթվա ընթացքում դրանք կտրուկ աճել են, միայն դեկտեմբերի 21-ի բախումների հետևանքով թուրքական կողմը հայտնել է 16 սպանված զինծառայողի մասին։
Հիշեցնենք, որ 2016-ի սեպտեմբերի կեսերից Թուրքիայի զինուժը մարտեր է մղում ԻՊ դեմ Հալեպից հյուսիս Ալ-Բաբ քաղաքը նվաճելու համար, որ Սիրիայի հյուսիսում ԻՊ վերահսկողության տակ գտնվող վերջին բնակավայրն է և այդ երկրի հյուսիսում կոմունիկացիաներ վերահսկելու տեսանկյունից կարևոր ռազմավարական դիրք ունի։ Թուրքական կողմի համար Ալ-Բաբը հատկապես կարևոր է, քանի որ փակում է ճանապարհը Սիրիայի հյուսիսում քրդական 2 ինքնավար շրջանների՝ Աֆրինի և Քոբանիի միջև ճանապարհը:
2016 թ. օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:
Այսպիսով կարելի է պնդել, Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է: