«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը տեսանյութ է հրապարակել, որտեղ ցուցադրվում են թուրքական զինուժից Սիրիայի Ալ-Բաբ քաղաքի մոտ ընթացող մարտերում գրավված 2 միավոր Leopard 2A4 տանկ և մեկ միավոր ACV-15 հետևակի մարտական մեքենա։
ԻՊ-ն թուրքական տանկերը վերցրել է Ալ-Բաբ քաղաքի մոտ տեղակայված հոսպիտալի հատվածում՝ թուրքական զինուժի դեմ հակագրոհի ժամանակ։ Նույն հոսպիտալի մոտ դեկտեմբերի 21-ին ԻՊ-ն թուրքական տանկ, զրահամեքենաներ էր պայթեցրել։ Թուրքական կողմը հայտնել է 16 զինծառայողի կորստի մասին՝ միայն դեկտեմբերի 21-ի մարտերի հետևանքով։ Վիրավորների թիվը անցնում էր 30-ը։
Մինչ այս ԻՊ-ն մի քանի հայտնել էր անգամ թուրքական զինուժի տանկ խոցելու մասին։ Սակայն ռազմավարի մասին հայտարարություններ չէին եղել։
Նշենք, որ դեկտեմբերի 22-ին ԻՊ-ն տեսանյութ էր հրապարակել, որտեղ երևում էր ինչպես են իսլամական զինյալները ողջակիզում Թուրքիայի ԶՈւ երկու զինծառայողի։ Այդ զինծառայողներին ևս գերեվարել էին Ալ-Բաբի մոտ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 24-ից թուրքական զինուժը ներխուժել է Սիրիայի ցամաքային տարածք՝ հայտարարելով ԻՊ դեմ ռազմական գործողություններ իրականացնելու և իր սահմանը իսլամիստ գրոհայիններից «մաքրելու» մասին:
Սակայն գործողությունների ընթացքը ցույց են տալիս, որ Թուրքիան կյանքի է կոչում Սիրիայում «անվտանգության գոտի» ստեղծելու նպատակները, ինչի հիմքում Սիրիայի տարածքում քրդերի հսկողության տակ գտնվող երկու տարածքների միավորումը բացառելն է:
Այդ ճանապարհին կարևոր հանգույց է Ալ-Բաբը, որը ներկայում «Իսլամական պետության» վերահսկողության տակ է։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի համար անչափ կարևոր է գրավել հենց այդ քաղաքը։ Այն նաև Հալեպին է բավականին մոտ տեղակայված, ու կարևոր ռազմավարական նշանակություն ունի Սիրիայի հյուսիսում։
Pingback: Թուրքիան շարունակում է զինտեխնիկա կուտակել Սիրիային սահմանակից նահանգներում | Ռազմ.info