Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը հայտարարել է, որ Ռուսաստանը և Իրանը մտադիր են վերականգնել Իրանին ոչ մահացու զենք և հրաձգային սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրերը: Նոյեմբերի 7-ին փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:
«Որոշ ուղղություններով մենք արդեն ունենք ստորագրված պայմանագրեր, որոնք երկու կողմն էլ ցանկանում են վերականգնել: Դրանց մի մասը կասեցված է, իսկ մի մասն էլ կատարման ընթացքի մեջ է», — ասել է Ֆոմինը:
Ռուսաստանյան «ՏԱՍՍ» գործակալության ռազմական փորձագետ Վիկտոր Լիտովկինը Razm.info-ի հետ զրույցում հայտնեց, որ Ռուաստանի և Իրանի համագործակցությունը վատ չի ընթանում. Ռուսաստանն արդեն Իրանին մատակարարել է Ս-300 և «Տոռ Մ-2» ԶՀՀ-ներ: Խնդիրը զենքի վաճառքի հետ կապված Իրանի վրա դրված արգելքներն են, որոնք թույլ չեն տալիս Իրանին վաճառել հարձակողական սպառազինություն: Այնուամենայնիվ Ռուսաստանը կարող է առաջարկել տեխնիկայի արդիականացում, օրինակ Տ-72 տանկերը արդիականցնել Տ-72Բ3-ի մակարդակի:
Նշենք, որ ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևից բացի Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը սահմանափակվում է նաև ՌԴ նախագահի «2010թ. հունիսի 9-ի ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի կատարման միջոցառումների մասին» հրամանով, որն արգելում է Իրանին մատակարարել տանկեր, զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ կամ հրթիռային համակարգեր:
Հրամանը չի վերաբերում Ս-300 ԶՀՀ-ների մատակարարմանը, քանի որ 2015-ի ապրիլին՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը որոշեց հանել սահմանափակումը և Իրանին տրամադրել համակարգերը:
Նշենք նաև, որ 2016թ. հունվարի 20-ին Թեհրանում Ռուսաստանը և Իրանը ստորագրեցին ռազմական համագործակցության մասին պայմանգիր, իսկ փետրվարին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն ԴԵհղանը այցելեց Ռուսաստան, որտեղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկու երկրների ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր:
Նախարար Դեհղանը ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Իրանը ցանկանում է ավելացնել իր պաշտպանունակությունը: Դրա համար իրանական ղեկավարությունը ստեղծում է տեղական արտադրություններ, իսկ այն արտադրանքը, որ չի կարողանում ստանալ երկրի ներսում, գնում է այլ երկրներից:
Pingback: Ռուսաստանն Իրանին կարող է 10մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանը Իրանին հարձակողական սպառազինություն չի մատակարարի | Ռազմ.info