Իրանի պաշտպանության նախարարն այցելել է Ռուսաստան

Փետրվարի 16-ին Իրանի պաշտպանության և զինված ուժերի աջակցման նախարար Հոսեին Դեհղանն այցելել է Ռուսաստան, որտեղ հանդիպել է երկրի նախագահ Վլադիմիր Պուտինին և պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին:

Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպմանը նախորդած պաշտոնական արարողությունը

Ռուսաստանի և Իրանի պաշտպանության նախարարների հանդիպմանը նախորդած պաշտոնական արարողությունը

Ռուսաստանի նախագահի հետ հանդիպման մանրամասները չեն հրապարակվել, իսկ ՌԴ պաշտպանության նախարարի հետ հանդիպման ընթացքում իրանցի պաշտոնյան քննարկել է երկու երկրների ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությունը, նշում է ՌԴ ՊՆ կայքը:

Պաշտոնական տեղեկություններից բացի, ռուսաստանյան «Կոմերսանտ» պարբերականի տվյալներով՝ Իրանն արդեն Ռուսաստանին է փոխանցել այն զինատեսակների ցանկը, որ մտադիր է գնել Ռուսաստանից, և Իրանի պաշտպանության նախարարի այս այցի ընթացքում սպառազինության այդ ցանկը պիտի քննարկվեր ռուսաստանյան պաշտոնյաների հետ: Հղում անելով «Ինտերֆակս» գործակալությանը՝ «Կոմերսանտը» նշում է նաև, որ Իրանը Ռուսաստանից մտադիր է գնել Սու-30 կործանիչներ (այս մասին խոսվում էր նաև ավելի վաղ), Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռներ, Մի-8/17 ընտանիքի բազմանպատակային ուղղաթիռներ, առափնյա պաշտպանության «Բաստիոն» հրթիռային համալիրներ, ռազմանավեր, սուզանավեր և այլն: Լրատվամիջոցի տվյալներով՝ Իրանը Ռուսաստանի հետ կարող է պայմանավորվել նաև սեփական սպառազինության մեջ եղած ՄիԳ-29 և Սու-24ՄԿ ինքնաթիռների նորոգման և արդիականացման վերաբերյալ:

Հենց այցի օրը՝ փետրվարի 16-ին, ռուսաստանյան «Ռոսսիա-24» հեռուսաալիքի հետ հարցազրույցում անդրադառնալով հանդիպումներին՝ նախարար Դեհղանը նշել է, որ Իրանը ցանկանում է ավելացնել իր պաշտպանունակությունը և դրանով ամրացնել նաև տարածաշրջանային կայունությունը: Լրագրողի հարցին, թե արդյոք ճիշտ են այն լուրերը, որ Իրանը մտադիր է 8 մլրդ դոլարի սպառազինություն գնել Ռուսաստանից (լրագրողը նշել է վերը թվարկված զինատեսակները), իրանցի նախարարն ըստ էության չի պատասխանել և խոսել է ընդհանուր համագործակցության մասին: Նախարարը նշել է, որ Իրանը առհասարակ մտադիր է ձեռք բերել պաշտպանական սպառազինություն, դրա համար իրանյան ղեկավարությունը ստեղծում է տեղական արտադրություններ, իսկ այն արտադրանքը, որ չի կարողանում ստանալ երկրի ներսում, գնում է այլ երկրներից:

Նախարար Դեհղանը պատասխանել է նաև այն հարցին, թե արդյոք հնարավոր է, որ ՄԱԿ ԱԽ բանաձևի հիման վրա Իրանին արգելվի որոշ զինատեսակների ներկրումը: Պաշտոնյան նշել է, որ այդ սահմանափակումը վերաբերում է միայն միջուկային մարտագլխիկներ կրելու ունակ հրթիռներին, ինչին Իրանը չի էլ ձգտում: Ըստ այդմ՝ Իրանի վրա սովորական զենքի գնման սահմանափակումներ չեն կարող դրվել:

Իրանի՝ Ռուսաստանից սպառազինություն գնելու թեմային Դեհղանի այցելության առթիվ հարցազրույց է տվել նաև ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» ղեկավար Իգոր Կորոտչենկոն: Փորձագետի գնահատականով՝ Իրանը Ռուսաստանից մտադիր է գնել ոչ թե առանձին զենիթահրթիռային հակաօդային պաշտպանության միջոցներ, այլ այդ երկիրը փորձում է արդիականացնել հակաօդային պաշտպանության իր ամբողջ համակարգը՝ այդ թվում՝ գնել փոքր, միջին, մեծ հեռահարության ՀՕՊ միջոցներ, Սու-30 կործանիչներ և այլն:

Ավելացնենք, որ Ռուսաստան այցի ընթացքում Իրանի պաշտպանության նախարարը հանդիպել է նաև Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովին, փոխվարչապետ, ռազմատեխնիկական հանձնաժողովի քարտուղար Դմիտրի Ռոգոզինին և նախագահի՝ ռազմատեխնիկական համագործակցության գծով խորհրդական Վլադիմիր Կոժինին: Սակայն այս հանդիպումների մանրամասներում կրկին չի նշվում է համագործակցության առաջիկա կոնկրետ ուղղությունների մասին:

Հիշեցնենք, որ բացի վերը նշված զինատեսակների հնարավոր առևտրից, 2015-ի դեկտեմբերին Իրանի ԶՈւ ցամաքային զորքերի հրամանատարը հայտարարել էր, որ իրանական կողմը քննարկում է Ռուսաստանից Տ-90 տանկեր գնելու հնարավորությունը: Սակայն 2016-ի փետրվարի 2-ին, նույն հրամանատարը հայտարարեց, որ Իրանը չի ցանկանում գնել Տ-90 տանկեր և մտադիր է սեփական տանկեր արտադրել Իրանում:

Այս հայտարարությունից հետո Ռուսաստանի «Ուրալվագոնզավոդը» հայտարարեց, որ իրենք պատրաստ են Տ-90Ս տանկերի արտադրություն կազմակերպել հենց Իրանում:

Ավելացնենք նաև, որ 2015-ի ապրիլին Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց այդ երկրին զենք վաճառելու սահմանափակումը:

Իսկ 2015-ի դեկտեմբերի վերջին հայտնի դարձավ, որ 2016-ի հունվար-փետրվար ամիսներին և օգոստոս-սեպտեմբերին Ռուսաստանը Իրանին կտրամադրի Ս-300ՊՄՈւ-2 համակարգերի առաջին և երկրորդ գնդային լրակազմերը:

2 responses to “Իրանի պաշտպանության նախարարն այցելել է Ռուսաստան

  1. Pingback: Իրանը դեռ չի վճարել Ս-300 համակարգերի համար. մինչ այդ մատակարարումներ չեն լինի | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանը և Իրանը կվերականգնեն սպառազինության մատակարարման պայմանագրերը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *