Ռուսաստանն Իրանին կարող է 10 մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել

Իրանը և Ռուսաստանը բանակցում են Իրանին 10մլրդ դոլարի սպառազինություն, մասնավորապես Տ-90 տանկեր, հրետանային համակարգեր, ինքնաթիռներ և ուղղաթիռներ մատակարարելու  հարցի շուրջ:

Այս մասին հայտարարել է ՌԴ Դաշնային խորհրդի՝ անվտանգության և պաշտպանական հարցերով հանձնաժողովի նախագահ Վիկտոր Օզերովը: Նոյեմբերի 14-ին փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալությունը:

Ըստ պաշտոնյայի` ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնության պարագայում մատակարարումները կարող են ավարտվել 2020 թվականին:

Նշենք, որ ՄԱԿ-Ի ԱԽ 2231 բանաձևով` 2015թ. հուլիսի 20-ից 2020թ. հոկտեմբերի 18-ը տանկեր, զրահամեքենաներ, ռազմական ուղղաթիռներ և ինքնաթիռներ Իրանը  կարող է ձեռք բերել միայն ՄԱԿ-ի ԱԽ-ի համաձայնությամբ:

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Ռուսաստանի` Իրանին մատակարարած Ս-300 ԶՀՀ-ները Թեհրանում զորահանդեսի ժամանակ

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը  հայտարարել էր, որ Ռուսաստանը և Իրանը մտադիր են վերականգնել Իրանին ոչ մահացու զենք և հրաձգային սպառազինություն մատակարարելու վերաբերյալ պայմանագրերը:

Նշենք նաև, որ ՄԱԿ ԱԽ-ի 2231 բանաձևից բացի  Իրանի և Ռուսաստանի ռազմատեխնիկական համագործակցությունը սահմանափակվում է նաև ՌԴ նախագահի «2010թ. հունիսի 9-ի ՄԱԿ ԱԽ 1929 բանաձևի կատարման միջոցառումների մասին» հրամանով, որն արգելում է Իրանին մատակարարել տանկեր, զրահամեքենաներ, մարտական ինքնաթիռներ, ուղղաթիռներ, ռազմանավեր, հրթիռներ կամ հրթիռային համակարգեր:

Հրամանը չի վերաբերում Ս-300 ԶՀՀ-ների մատակարարմանը, քանի որ 2015-ի ապրիլին՝ Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը որոշեց հանել սահմանափակումը և Իրանին տրամադրել համակարգերը:

Պայմանագրով նախատեսված  Ս-300 ԶՀՀ-ների  մատակարարումը Ռուսաստանն ավարտեց հոկտեմբերին: Իսկ  մարտական հերթապահության համակարգերը կընդգրկվեն մինչև տարեվերջ:

Նշենք նաև, որ 2016թ. հունվարի 20-ին Թեհրանում  Ռուսաստանը և Իրանը ստորագրեցին ռազմական համագործակցության մասին պայմանագիր, իսկ փետրվարին Իրանի պաշտպանության նախարար Հոսեյն ԴԵհղանը այցելեց  Ռուսաստան, որտեղ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ հանդիպման ընթացքում  կողմերը քննարկեցին երկու երկրների ռազմական, ռազմատեխնիկական համագործակցությանը վերաբերող հարցեր:

Նախարար Դեհղանը ռուսաստանյան լրատվամիջոցներին տված հարցազրույցի ժամանակ հայտարարել էր, որ Իրանը ցանկանում է ավելացնել իր պաշտպանունակությունը: Դրա համար իրանական ղեկավարությունը ստեղծում է տեղական արտադրություններ, իսկ այն արտադրանքը, որ չի կարողանում ստանալ երկրի ներսում, գնում է այլ երկրներից:

 

2 responses to “Ռուսաստանն Իրանին կարող է 10 մլրդ դոլարի սպառազինություն մատակարարել

  1. Pingback: Իրանը տեղական արտադրության ուղղաթիռ և տանկ կներկայացնի | Ռազմ.info

  2. Pingback: Իրանը շուրջ 1 մլրդ դոլար է վճարել Ռուսաստանին Ս-300 ԶՀՀ-ների համար | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *