Նոյեմբերի 2-5-ին Ինդոնեզիայում անցկացված Indo Defence 2016 ռազմական ցուցահանդեսին թուրքական FNSS և ինդոնեզական PT Pindad ռազարդյունաբերական ընկերությունները ներկայացրել են համատեղ նախագծման MMWT միջին դասի տանկի մակետը՝ հայտարարելով, որ նախատիպը նախատեսվում է ներկայացնել արդեն 2017 թվականին: Այս մասին հայտնում է թուրքական ընկերության կայքը:

Թուրքական FNSS և ինդոնեզական PT Pindad ընկերությունները ներկայացրել են համատեղ նախագծման MMWT միջին դասի տանկի մակետը
Թուրքական ընկերությունը հայտնում է, որ 2014 թ. ստորագրված պայմանագրի համաձայն տանկի նախագծման աշխատանքներն արդեն ավարտվել են, ներկայումս ընթանում է նախատիպերի ստեղծման փուլը:
Հիշեցնենք, որ ինչպես առավել վաղ՝ 2014 թ., արդեն հայտնի էր դարձել, տանկի վրա տեղադրվելու է 105 մմ ակոսավոր թնդանոթ, որին կից կտեղադրվի նաև 7,62 մմ գնդացիր։ Տանկի զանգվածը պիտք է լինի շուրջ 25 տոննա։
Նույն ժամանակ նշվում էր, որ ընկերությունները նախատեսում էին տանկը նախագծել Ինդոնեզիայի սպառազինությանը հանձնելու համար։
Նշենք նաև, որ 2013-ի մայիսին Թուրքիան և Ինդոնեզիան կնքել էին ռազմարդյունաբերական ոլորտում համագործակցության մեկ այլ պայմանագիր: նախատեսված էր, որ երկրները համատեղ ստեղծելու են թեթև ու միջին դասի զրահամեքենաներ, որոնք տրամադրվելու են թե´ Թուրքիայի, թե´ Ինդոնեզիայի զինված ուժերին։ Երկու կողմերը նախատեսել էին մեքենաների սերիական արտադրության սկսելուց հետո դրանք վաճառել նաև այլ երկրների։
Հայտարարվում էր, որ սերիական արտադրությունը սկսվելու է 2014-ից, սակայն մինչ օրս դեռևս որևէ տեղեկություն չի հաղորդվել պայմանագրի կատարման ընթացքի մասին: