Այսօր՝ հոկտեմբերի 14-ին Երևանում կայացել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը, որը վարել է խորհրդում 2015-2016թթ. նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում նախագահությունն ստանձնած ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը: Այս մասին հայտնում է ՀՀ նախագահի կայքը:
Հավաքական անվտանգության խորհրդի օրակարգի շրջանակներում ստորագրվել են Կազմակերպության ռազմական բաղադրիչի հետագա զարգացմանը, զինվորական կադրերի պատրաստմանը, ինչպես նաև արտակարգ իրավիճակներին ՀԱՊԿ անդամ պետությունների արձագանքման համակարգի զարգացմանը վերաբերող փաստաթղթեր:
Նիստում ՀԱՊԿ անդամ պետությունների ղեկավարները որոշել են օրակարգից հանել Կազմակերպության գլխավոր քարտուղարի վերաբերյալ հարցը՝ դրա քննարկումը տեղափոխելով ընթացիկ տարեվերջ:
Նստաշրջանում քննարկվել են նաև ՀԱՊԿ նախորդ տարվա գագաթնաժողովների որոշումների իրականացման ընթացքը, ինչպես նաև Կազմակերպությունում նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության առաջադրած առաջնահերթությունները:
Նիստի օրակարգում ընդգրկված երկու տասնյակ հարցերի շրջանակում անդրադարձ է արվել միջազգային իրավիճակին և հավաքական անվտանգության ապահովման արդիական հարցերին, դիտարկվել են մինչև 2025թ. ժամանակահատվածի համար ՀԱՊԿ հավաքական անվտանգության ռազմավարության և ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ որոշումների նախագծերը, ՀԱՊԿ գործունեության կատարելագործման, ինչպես նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության վերաբերյալ որոշումների իրականացումը:
2016-2017թթ. ՀԱՊԿ-ում նախագահությունն ստանձնել է Բելառուսը: Նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Հավաքական անվտանգության խորհրդին գրավոր կներկայացնի Բելառուսի առաջնահերթությունները, որոնք նախատեսվում է իրականացնել իր երկրի նախագահության շրջանում:
ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը լիագումար նստաշրջանում պաշտոնական պատվիրակությունների ներկայացուցիչներին տեղեկացրել է սեղմ կազմով նիստի ժամանակ քննարկված հարցերի մասին:
«Իմ կարծիքով, մենք անցկացրել ենք բավականին արդյունավետ և անկեղծ քննարկում այն հարցերի շուրջ, որոնք ուղղակիորեն առնչվում են մեր գործերին և ազդում են մեր երկրների անվտանգության հարցերի վրա, պրոեկտվում և դրսևորվում են տարածաշրջանային մակարդակներում և ոչ միայն: Իհարկե, խոսել ենք նաև այն մարտահրավերների ու սպառնալիքների մասին, որոնց հետ բախվում է ամբողջ համաշխարհային հանրությունը, նախ և առաջ նկատի ունեմ ահաբեկչության և բռնության աննախադեպ բռնկումը, որի համար չի կարող լինել որևէ արդարացում:
Պետությունների հարգելի՛ ղեկավարներ, երևանյան նստաշրջանն ամփոփում է Կազմակերպությունում Հայաստանի նախագահությունը: Նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում ձեռնարկվել են որոշակի միջոցներ ՀԱՊԿ-ում հետագա փոխգործակցության համալրման ուղղությամբ: Աշխատանքն ուղղված է եղել Կազմակերպության ներուժի մեծացմանը՝ ելնելով այն նպատակներից և խնդիրներից, որոնք սահմանված են Հավաքական անվտանգության մասին պայմանագրով, որի 25-ամյակը տոնելու ենք հաջորդ տարի»,-ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի լիագումար նստաշրջանում ասել է Նախագահ Սերժ Սարգսյանը:
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի ավարտից հետո, Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը և ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան հանդիպում են ունեցել ԶԼՄ ներկայացուցիչների հետ՝ ամփոփել երևանյան նստաշրջանի արդյունքները: Ստորև՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանի արդյունքների վերաբերյալ.
«Հենց նոր վերջացավ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանը: Միանգամից նշեմ, որ այսօրվա գագաթնաժողովի արդյունքներով ընդունվել են մի շարք կարևոր փաստաթղթեր և որոշումներ՝ ուղղված Կազմակերպության ներուժի զգալի ամրապնդմանը, հավաքական անվտանգության և նրա աշխատանքային մարմինների մեխանիզմների կատարելագործմանը:
Նստաշրջանի գլխավոր արդյունքներից կընդգծեմ ՀԱՊԿ Հավաքական անվտանգության Ռազմավարության ընդունումը: Փաստաթղթի մշակման ուղղությամբ ավելի քան հինգ տարի տևած աշխատանքն ավարտված է, ինչպես և մենք նշել էինք ՀԱՊԿ-ում Հայաստանի առաջնահերթությունների մեջ:
ՀԱՊԿ երևանյան Ռազմավարությունը ամրագրում է Կազմակերպության գործունեության առաջնահերթությունները մինչև 2025թ., ամրապնդում է համագործակցության բոլոր հիմնական ուղղությունների հետագա զարգացման ուղենիշները: Անդամ պետությունները կրկին հաստատեցին միջազգային հանրության հետ հավասարության և անվտանգության անքակտելիության հիման վրա հարաբերություններ կառուցելու, միջազգային հարաբերություններում ուժի սպառնալիքից կամ դրա կիրառումից խուսափելու, և, միևնույն ժամանակ, առաջացող խնդիրների լուծման ընթացքում քաղաքական-դիվանագիտական մեթոդներին առաջնահերթություն տալու իրենց պատրաստակամությունը: Կարծում եմ՝ Ռազմավարության ընդունումը վկայեց ՀԱՊԿ-ում համակարգման նոր որակի մասին:
Անկասկած, դա, ինչպես նաև ավելի վաղ ձեռք բերված որոշումների ու նախագահության ընթացքում Հայաստանի Հանրապետության կողմից ներկայացված առաջնահերթությունների կյանքի կոչումը հնարավոր դարձավ բոլոր մակարդակներում լուրջ, առարկայական և, ինչպես տեսնում եք, արդյունավետ աշխատանքի արդյունքում:
Հանդիպման արդյունքներով ընդունվել է միջազգային հիմնական արդի հարցերի շուրջ մեր մոտեցումներն արտացոլող հայտարարություն, տրված են գնահատականներ ներկայիս իրավիճակին` հաշվի առնելով, իհարկե, նոր սպառնալիքներն ու մարտահրավերները: Պետությունների ղեկավարների կողմից մեկ անգամ ևս հաստատվեց Կազմակերպության դերը՝ որպես խաղաղության, կայունության պահպանմանը նպաստող, և անդամ պետությունների անվտանգությունն ու ինքնիշխանությունն ապահովող կարևորագույն գործիք:
ՀԱՊԿ շրջանակներում գործընկերներն աջակցություն են հայտնել ընթացիկ տարում Վիեննայում և Սանկտ Պետերբուրգում ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածություններին՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի լարվածության աճի կանխարգելմանը, իրադրության կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Նստաշրջանում վերահաստատվել է ԼՂ հիմնախնդրի՝ բացառապես խաղաղ լուծման անհրաժեշտությունը, աջակցություն է հայտնվել հակամարտության կարգավորմանն ուղղված ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերին, որոնք հիմնված են միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության, Հելսինկյան եզրափակիչ ակտի, մասնավորապես, ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին վերաբերող դրույթների վրա:
Քննարկվել են շատ այլ կարևոր հարցեր: Մենք ամփոփել ենք Կազմակերպության գործունեության կատարելագործման, նրա ռազմական բաղադրիչի ամրապնդման և գործառնական հնարավորությունների զարգացման ուղղությամբ տարվող աշխատանքների արդյունքները: Որոշում է ընդունվել ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման կենտրոնի ստեղծման վերաբերյալ, որի վրա դրվում են կանոնադրական մարմինների կողմից համապատասխան որոշումների ընդունման տեղեկատվական-վերլուծական և կազմակերպչական-տեխնիկական, ինչպես նաև իրական ժամանակի ռեժիմում տեղեկատվության փոխանակման ապահովման գործառույթները:
Ստորագրվել են զինվորական կադրերի համատեղ պատրաստման համակարգի զարգացման հայեցակարգի, ինչպես նաև ՀԱՊԿ շրջանակներում սպառազինության և ռազմական տեխնիկայի ստանդարտացման վերաբերյալ որոշումներ: Այդ փաստաթղթերի նպատակն է՝ ավելի բովանդակալից դարձնել ռազմական և ռազմատեխնիկական համագործակցությունը, ներդնել այսօրվա պահանջներին հարմարեցված աշխատանքի ձևաչափեր, ինչը նույնպես շատ կարևոր է:
Փաստաթղթեր են ստորագրվել նաև միջազգային ահաբեկչությանը հակազդեցության ոլորտի հետ կապված: «ՀԱՊԿ ձևաչափում ահաբեկչական ճանաչված կազմակերպությունների միասնական ցանկի ձևավորման մասին կանոնակարգի վերաբերյալ որոշումը» կարևոր փաստաթուղթ է:
Ցանկանում եմ ընդգծել նաև ՀԱՊԿ միասնական շտաբի գործունեությունը կանոնակարգող դրույթների վերաբերյալ որոշումները, որոնք շտաբի կառուցվածքի, զինծառայողների քանակի և քվոտային պաշտոնների բաշխման վերաբերյալ ընդունված փաստաթղթին համապատասխան ուղղված են նշված մարմինների արդյունավետության բարձրացմանը: Ցանկանում եմ նաև տեղեկացնել, որ սեղմ կազմով հանդիպման ժամանակ մենք օրակարգից հանել ենք ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցը, որը կքննարկենք տարվա վերջին՝ Սանկտ Պետերբուրգում:
Նախագահությունը Կազմակերպությունում անցել է մեր բելառուս բարեկամներին: Անկեղծորեն մաղթում եմ հաջողություններ Ալեքսանդր Գրիգորիի Լուկաշենկոյին և Բելառուսին ընդհանրապես՝ երևանյան գագաթնաժողովի ընթացքում ընդունված որոշումների իրականացման գործում, այդ թվում նաև 2017 թվականին կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի ստորագրման 25-ամյակին և ՀԱՊԿ 15-ամյակին նվիրված միջոցառումների մասով:
Իհարկե, պատրաստ ենք ցուցաբերել համակողմանի օժանդակություն»:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 9 – 15 հոկտեմբերի, 2016 | Ռազմ.info
Pingback: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի փոփոխություն լինելու է. Ն. Բորդյուժա | Ռազմ.info
Pingback: ՀԱՊԿ նոր քարտուղարի թեկնածությունը կքննարկվի դեկտեմբերի 26-ին | Ռազմ.info
Pingback: ՀԱՊԿ նոր քարտուղարի նշանակումը հետաձգվել է, նորից | Ռազմ.info