[Լրացված] Հոկտեմբերի 15-ին հրազենային վնասվածքից մահացել է ՊԲ զինծառայող

Հոկտեմբերի 15-ին` ժամը 08:40-ի սահմաններում, հայ-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային վնասվածքից մահացել է զինծառայող, 1997թ. ծնված Վահագն Գագիկի Վիրաբյանը: Այս մասին հայտնում է ՊԲ կայքը:

Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի կայքը հայտնում է, որ ժամկետային զինծառայող, շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի մահվան դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն), կատարվում է նախաքննություն:

Քննչական գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ, այդ թվում՝ հայտնաբերվել է հրազենը, որով կրակել են զինծառայողի վրա, և թե ում է եղել այն ամրակցված։

[Լրացում] ՀՀ քննչական կոմիտեի կայքը հեկտեմբերի 17-ին հայտնում է, որ նախնական քննության տվյալներով՝ 15.10.2016թ.՝ ժամը 08:40-ի սահմաններում, N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում հերթապահության նշանակված ժամկետային զինծառայող՝ շարքային Վահագն Գագիկի Վիրաբյանի ուղղությամբ կրակահերթ է արձակել նույն զորամասի մեկ այլ շարքային զինծառայող՝ իրեն ամրակցված ինքնաձիգից։

Վիրաբյանը դեմքի և կրծքավանդակի շրջաններում ստացած հրազենային վնասվածքներից մահացել է։ Կասկածյալը ձերբակալվել է։ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով (սպանություն) հարուցված քրեական գործի նախաքննությունը շարունակվում է։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *