Ռուսաստանը Իրանին «Սու» կործանիչներ չի մատակարարելու

Ռուսաստանը Իրանի հետ  «Սու» կործանիչներ մատակարարելու վերաբերյալ բանակցություններ չի վարում: Այս մասին  ArmHiTec-2016 ցուցահանդեսի ժամանակ հայտնել է ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության գծով դաշնային գործակալության տնօրեն Ալեքսանդր Ֆոմինը:

Այս մասին հայտնում է ռուսաստանյան «ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը:

Սու-30ՍՄ կործանիչ. ՌԴ ԶՈւ

Սու-30ՍՄ կործանիչ. ՌԴ ԶՈւ

Ըստ Ֆոմինի՝ հնարավոր է, որ Իրանը ցանկանում է Ռուսաստանից կործանիչներ գնել, սակայն առայժմ, Իրանի վրա դրված զենքի վաճառքի սահմանափակումների պատճառով,  դա հնարավոր չէ:

Հիշեցնենք, որ փետրվարին  Իրանի պաշտպանության նախարար, բրիգադի գեներալ Հոսեյն Դեհղանը  հայտարարել էր, որ Իրանը ցանկանում է Ռուսաստանի հետ Սու-30 կործանիչների ձեռքբերման պայմանագիր ստորագրել: Նախարարը չէր  հստակեցրել կործանիչների քանակը և հնարավոր գնման ժամկետները, բայց նշել էր, որ իրենք քննարկելու են նաև կործանիչների արտադրության գործընթացին ներգրավվելու հնարավորությունը:

Նշենք, որ ՄԱԿ-ը 2010 թվականին ընդլայնել էր Իրանի նկատմամբ պատժամիջոցները, որով արգելվել է որոշ զինատեսակների մատակարարումը Իսլամական Հանրապետությանը:

2015-ի ապրիլին Իրանի նկատմամբ կիրառվող միջազգային պատժամիջոցների մեղմացման վերաբերյալ սպասվող որոշումների համատեքստում Ռուսաստանը հանեց այդ երկրին զենք վաճառելու սահմանափակումը և սկսեց Ս-300 ԶՀՀ-ների մատակարարումը:

Իսկ  նախօրեին հայտնի դարձավ, որ Ռուսաստանը ավարտել է պայմանագրով նախատեսված համակարգերի մատակարարումը Իրանին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *