Բելառուսի «Օբուզ-Լեսնովսկի» զորավարժարանում շարունակվում է ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունը, որին ներգրավված են նաև ՀՀ ԶՈւ օպերատիվ խումբը և խաղաղապահ ստորաբաժանումը, ՀՀ ոստիկանության ուժերը : Այս մասին հայտնում է Բելառուսի ՊՆ կայքը:
Վարժանքների սկզբում մասնակից երկրների ստորաբաժանումները և ՀԽՈւ հրամանատարական կազմը պարզաբանել են խաղաղապահ գործողությունների անցկացման, հակամարտության գոտիներում խաղաղապահ ուժերի ձևավորման և վերախմբավորման, ինչպես նաև համագործակցության հարցեր:
Օգոստոսի 24-ին ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի անձնակազմի հետ 5 ուսումնական կետերում անցկացվել են մարտավարական վարժանքներ, որոնց ընթացքում մշակվել են ստորաբաժանումների գործողությունների հարցեր. հսկիչ-անցագրային կետերում պարեկության ժամանակ ռազմական ծառայության կատարում, ինչպես նաև փախստականների հետ աշխատանքներ, ինքնաշեն պայթուցիկ սարքավորումների վնասազերծում, առաջին օգնություն և այլն:
ՀԱՊԿ մամուլի ծառայությունը հայտնում է՝ զորավարժության դրվագներից մեկում ներգրավվել է ավիացիա՝ Բելառուսի ԶՈւ և Ռուսաստանի ԶՈւ Սու-24ՄՌ հետախույզ-ինքնաթիռներ, Մի-24 հարվածային և Մի-8ԱՄՏՇ և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ: Դրանցից ինժեներական ստորաբաժանումների դեսանտ է իջեցվել, որոնք ճանապարհների ականազերծում են անցկացրել:
Մեկ այլ դրվագում՝ Հայաստանի ոստիկանական ուժերը, Ռուսաստանի ազգային գվարդիայի հատուկ ստորաբաժանումները և Բելառուսի ներքին զորքերը միասին ազատել են գրավված շենքի գերիներին:
Զորավարժությանը մասնակցում են ՀԽՈւ կազմում ընդգրկված ՀՀ, Բելառուսի, ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԶՈւ, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումներ։
Հիշեցնենք, որ օգոստոսի 23-ին Բելառուսում մեկնարկել էր ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունը: Զորավարժությանը մասնակցում են ՀԽՈւ կազմում ընդգրկված ՀՀ, Բելառուսի, ՌԴ, Ղազախստանի, Ղրղզստանի և Տաջիկստանի ԶՈւ, ինչպես նաև ոստիկանության ստորաբաժանումներ, ներգրավված է 500 միավոր ավիացիոն, ավտոմոբիլային և զրահատանկային տեխնիկա: Վարժանքները կավարտվեն օգոստոսի 27-ին:
Նշենք, որ «Անխախտելի եղբայրություն-2016ը» թվով վեցերորդն է, նախորդ տարի այն անցկացվել է Հայաստանում:
Pingback: ՀԱՊԿ խաղաղապահ ուժերը առաջին անգամ «գործել են ՄԱԿ-ի մանդատով» | Ռազմ.info