Երեկ՝ օգոստոսի 24-ին, Հորմուզի ծոցում ամերիկյան Nitze ականակիր նավի և Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ՌԾՈւ կատերների միջև միջադեպ է եղել, որտեղ, ըստ ամերիկյան կողմի, իրանական կատերները, անտեսելով ամերիկյան նավի զգուշացումները, չափից շատ են մոտեցել ամերիկյան նավին, ինչի արդյունքում վերջինս ստիպված է եղել փոխել իր ուղղությունը:
Այս մասին հաղորդում են ամերիկյան Reuters և ռուսաստանյան ТАСС գործակալությունները, հղում անելով ԱՄՆ ՊՆ ներկայացուցչին:
Ամերիկյան կողմի պնդմամբ՝ Nitze ականակիրը և ամերիկյան մեկ այլ ականակիր Mason-ը Հորմուզի ծոցում տարանցում էին իրականացնում և գտնվում էին միջազգային ջրերում:
Սակայն Իրանի պաշտպանության նախարար, բրիգադային գեներալ Հոսեյն Դեհղանը լրատվամիջոցներին տված հարցազրույցում այս առիթով նշել է, որ իրանական նավերը հսկողություն են իրականացնում միայն Իրանի ջրային տարածքներում. փոխանցում է իրանական «Թասնիմ» լրատվական գործակալությունը:

Ամերիկյան Nitze ականակիր նավը
ԱՄՆ ներկայացուցիչը հայտնել է, որ իրանական 2 կատեր շուրջ 270 մետր մոտեցել են ամերիկյան Nitze ականակրին, որը 12 անգամ փորձել է նրանց հետ կապ հաստատել, սակայն պատասխան չի ստացել, այնուհետև նավերի ուղղությամբ 10 նախազգուշացնող հրթիռ է արձակել, ինչից հետո՝ կատերների հետ տարածություն պահպանելու համար ստիպված է եղել փոխել իր ուղղությունը:
Ամերիկյան պաշտոնյան նշել է, որ իրանական կողմը վտանգավոր իրավիճակ է ստեղծել, որը կարող էր հանգեցնել հետագա սրման՝ ներառյալ Nitze ականակրի կողմից հավելյալ պաշտպանական միջոցների կիրառումը:
Հիշեցնենք, որ հունվարի 12-ին Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի զինծառայողները Պարսից ծոցում ձերբակալել էին ԱՄՆ զինված ուժերի 10 զինծառայողների և առգրավել նրանց ռազմական պարեկային կատերները։
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 21-27 օգոստոսի, 2016 | Ռազմ.info
Pingback: Միջադեպ Իրանի և ԱՄՆ ռազմածովային ուժերի միջև Պարսից ծոցում | Ռազմ.info