Հոկտեմբերի 4-ին ՀՀ ՊՆ «Բաղրամյան» զորավարժարանում անցկացվել է «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժության եզրափակիչ փուլը: Թեման էր «Խաղաղապահ գործողության նախապատրաստումը և անցկացումը ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերի կողմից հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում»: Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունը։
Եզրափակիչ փուլին հետևել են ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան, ՀՀ ԶՈւ գլխավոր շտաբի պետ գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ՏԿԱԻն նախարար Արմեն Երիցյանը, ՀՀ ոստիկանության բարձրաստիճան սպաներ, ԱԺ պատգամավորներ ՀԱՊԿ քարտուղարության և ՀԱՊԿ Միացյալ շտաբի, Կարմիր խաչի միջազգային կոմիտեի, ՄԱԿ-ի և ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների ներկայացուցիչներ, ռազմական կցորդներ:
Ինչպես նշվում է հաղորդագրության մեջ, զորավարժությանը ներգրավված ՀԱՊԿ հավաքական խաղաղապահ ուժերի ազգային ստորաբաժանումները խաղարկել են զորավարժության սցենարով նախատեսված մի շարք ակտիվ գործողություններ: Մասնավորապես` իրականացվել են խաղաղապահ գործողությունների անցկացման գոտում մարդասիրական բեռների ուղեկցման, անցակետերում և դիտակետերում պարեկային հերթապահության և ծառայության կազմակերպման, հակամարտող կողմերի տարանջատման և չեզոք գոտու ստեղծման, զինյալների կողմից զավթած շենքերի և պատանդների ազատագրում, պայմանական բնակավայրի վրա ահաբեկիչների հարձակման հետմղում, զինյալների ճամբարի հայտնաբերման և չեզոքացման գործողություններ։
Զորավարժության ակտիվ փուլի ավարտին լրագրողների հետ զրույցում ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը դրական է գնահատել ներգրավված ստորաբաժանումների գործողությունները և ընդգծել է, որ զորավարժության սցենարով նախատեսված ու առաջադրված խնդիրները հաջողությամբ կատարվել են: Օհանյանը կարևորել է նաև այն հանգամանքը, որ «Անխախտելի եղբայրություն-2015» զորավարժությանը ներկա էր ՄԱԿ-ի դիտորդական պատվիրակությունը, ապահովված էր Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչների մասնակցությունը:
Նախարարը նաև վստահություն է հայտնել, որ անհրաժեշտության դեպքում ՀՀ ԶՈւ խաղաղապահ ստորաբաժանումները կկարողանան պատվով կատարել առաջադրված խնդիրները, եթե ՀԱՊԿ-ն որևէ վայրում խաղաղապահ առաքելություն իրականացնելու որոշում կայացնի:
«Մեզ համար շատ կարևոր է ոչ միայն պահպանել մեր երկրի սահմանները և ապահովել մեր ժողովրդի խաղաղ արարումը, այլև նպաստել այլ վայրերում խաղաղության հաստատմանը»,— հավելել է Սեյրան Օհանյանը:
ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան ևս բարձր է գնահատել զորավարժության արդյունքները և նշել, որ ՀԱՊԿ Հավաքական խաղաղապահ ուժերը զորավարժության ընթացքում ցուցադրել են պատրաստվածության բարձր մակարդակ և պատրաստ են խաղաղության աջակցման խնդիրների ու գործողությունների կատարմանը:
Pingback: ՀԱՊԿ այս տարվա զորավարժություններն անցկացվելու են Ռուսաստանում, Բելառուսում, Ղրղզստանում | Ռազմ.info
Pingback: ՀՀ ՊՆ խաղաղապահները մասնակցելու են ՀԱՊԿ զորավարժության նախապատրաստման բանակցություններին | Ռազմ.info
Pingback: Բելառուսում մեկնարկել է ՀԱՊԿ «Անխախտելի եղբայրություն-2016» զորավարժությունը | Ռազմ.info