Այսօր՝ օգոստոսի 1-ին, Սիրիայի Իդլիբ նահանգում խոցել են Սիրիայում ռուսաստանյան ավիախմբի Մի-8 բեռնատար ուղղաթիռ: Նախնական տեղեկություններով՝ ուղղաթիռում գտնվող անձնակազմի 5 անդամները մահացել են, սակայն շրջանառվում է մեկի ողջ մնալու և գերեվարվելու վարկածը:
Ուղղաթիռում գտնվել են անձնակազմի 3 անդամ և երկու սպա: Ռուսաստանյան Lenta.ru լրատվակայքը, մեջբերելով նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովին, հայտնում է, որ ուղղաթիռում գտնվող անձնակազմի բոլոր անդամները մահացել են:
Սակայն ըստ պաշտպանության նախարարության՝ ուղղաթիռի անձնակազմին դեռևս փնտրում են: Սակայն սոցիալական ցանցերում տեղադրված լուսանկարներում երևում են մարմիններ, ամենայն հավանականությամբ՝ խոցված ուղղաթիռի անձնակազմից և ռուսաստանյան փաստաթղթեր:
ՌԴ ՊՆ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ նշվում է, որ ռուսաստանյան ուղղաթիռը Հալեպից վերադառնում էր ռուսաստանյան Հմեյմիմ ավիաբազա:
Հուլիսի 28-ին ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, որ Սիրիայում հակամարտող կողմերի «հաշտեցման ռուսաստանյան կենտրոնին» հանձնարարված է սիրիական իշխանությունների հետ համատեղ Հալեպում բացել 3 հումանիտար միջանցք` ահաբեկիչների մոտ պատանդ պահվող խաղաղ քաղաքացիների փրկության, ինչպես նաև զենքերը վայր դնելու ցանկություն ունեցող զինյալների համար:
Համացանցում հայտնված տեսանյութերից մեկում երևում է խոցված ուղղաթիռի՝ ենթադրյալ ողջ մնացած օդաչուներից մեկը: Նշվում է, որ վերջինիս գերի է վերցրել ահաբեկչական խմբավորումներից մեկը:
Մասնավորապես նշվում է, որ ուղղաթիռը խոցել են «Ջեյշ ալ-Ֆաթհ» (Նախկինում՝ «Ջեբհադ ան-Նուսրա») ահաբեկչական խմբավորման զինյալները և գերի վերցրել օդաչուներից մեկին: Մյուսների ճակատագիրը դեռևս հայտնի չէ:
Ավելի վաղ՝ հուլիսի 8-ին, Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամները խոցել էին Ռուսաստանի զինված ուժերի սիրիական խմբավորման Մի-25 ուղղաթիռ (Մի-24-ի տարբերակ):
Սիրիայում Ռուսաստանը ընդհանուր թվով կորցրել է ՍՈւ-24Մ ինքնաթիռ (խոցված թուրքական կործանիչով), Մի-8 ուղղաթիռ (խոցել են Սիրիայի թուրքմենական խմբավորումները), Մի-28 ուղղաթիռ (կործանված անձնակազմի սխալի արդյուքնում) և 14 ՌԴ ԶՈւ զինծառայող՝ մինչև օգոստոսի 1-ի միջադեպը: Զոհերի թիվը կարող է ավելանալ, եթե հաստատվի անձնակազմի անդամներից մի քանիսի զոհվելու տեղեկությունը:
Հիշեցնենք, որ 2015 թվականի սեպտեմբերի 30-ին Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով սկսեց ավիահարվածներ հասցնել այդ երկրում կռվող ահաբեկիչներին։ Արդեն 2016 թվականի մարտի 15-ից ՌԴ ՊՆ-ն իր ուժերի հիմնական մասը հանեց Սիրիայից՝ նշելով, որ «իրենց առաջադրված խնդիրը կատարել են»։
Pingback: Սիրիական խմբավորումը պահանջում է փոխանակել ՌԴ խոցված ուղղաթիռի անձնակազմի մարմինները | Ռազմ.info