Հուլիսի 31-ին, Կասպից ծովերի ջրերում, Դաղստանի «Կասպիյսկ» զորավարժարանում «Բանակային միջազգային խաղեր-2016» մրցաշարի շրջանակներում մեկնարկել է «Ծովային գավաթ-2016» ռազմածովային մրցույթը, որը կշարունակվի մինչև օգոստոսի 11-ը: Այս մասին տեղեկացնում է ՌԴ ՊՆ կայքը:
Բացի Կասպից ծովից, վարժանքներ անցկացվելու են նաև Սև ծովի ջրային տարածքներում, «Նովորոսիյսկ» զորավարժարանի տարածքում: Կապսից ծովում անցկացվող փուլին մասնակցում են 130 զինծառայող և մարզիչ Ադրբեջանից, Ռուսաստանից և Ղազախստանից: Սև ծովում մասնակցելու է նաև Չինաստանի հավաքականը:
Վարժանքներին ներգրավված են մինչև 5000 տ. ջրածավալի ֆրեգատ և կորվետ տիպի ռազմանավեր, ինչպես նաև մերձկասպյան երկրներից փոքր նավեր՝ 1500 տ. ջրածավալով:
Մրցույթն անցկացվելու է 3 փուլով.
- Նավերի սպառազինությունում առկա զինատեսակների ըստ նշանակության օգտագործում (ենթադրում է տարբեր զինատեսակներից տարբեր թիրախների խոցում)
- Պայքար նավերն անվնաս և գործողություններին պատրաստ վիճակում պահպանելու համար
- Ռազմածովային ուսուցման և փրկարարական պատրաստության մրցում
Մասնակիցները կփորձեն խոցել ծովային, օդային թիրախներ և լողացող ականներ:
Հիշեցնենք, որ 2015 թ. օգոստոսի 3-ին առաջին անգամ «Բանակային միջազգային խաղեր» մրցաշարի շրջանականերում անցկացվել է «Կասպյան գավաթ-2015» մրցույթը, Ռուսաստանի, Ադրբեջանի և Ղազախստանի մասնակցությամբ, որն այս տարի անվանափոխվել է «Ծովային գավաթ», քանի որ անցկացվում է նաև Սև ծովի ջրային տարածքներում:
Ավելացնենք, որ «Կասպյան գավաթ-2015» ռազմածովային մրցույթում առաջին տեղը զբաղեցրել էր Ռուսաստանի ՌԾՈւ «Գռադ Սվիյաժսկ» փոքր հրթիռային նավը, երկրորդ տեղում էր Ղազախստանի «Սարիարկա» հրթիռահրետանային նավը, իսկ երրորդ տեղում Ադրբեջանի «G-124» պարեկապահակային նավն էր:
Նշենք նաև, որ «Բանակային միջազգային խաղերը» այս տարի անցկացում են հուլիսի 30-ից օգոստոսի 13-ը` 21 երկրի մասնակցությամբ:Խաղերի ընթացքում անցկացվելու է առաջնություն 23 մրցաձևից:
Հոդվածի հեղինակ՝ Զեմֆիրա Եգանյան
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 31 հուլիսի – 6 օգոստոսի, 2016 | Ռազմ.info