Թուրքիայի պաշտպանական բյուջեն զգալիորեն ավելացել է (աղյուսակ)

Մարտի 16-ին Թուրքիայի պաշտոնական տեղեկատուն հրապարակել է 2016-ի պետբյուջեի օրենքը, որով ռազմական ոլորտին հատկացվում է շուրջ 37 մլրդ թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով շուրջ 12,9 մլրդ ԱՄՆ դոլար): Սա շուրջ 6 մլրդ լիրայով ավելի է 2015-ի բյուջեով նախատեսված ռազմական ծախսերից: Նշենք, որ 2016թ. համար հաստատվել է ընդհանուր առմամբ շուրջ 570,5 մլրդ թուրքական լիրայի բյուջե:

Եթե հաշվի առնենք նաև ներքին գործերի նախարարությանը և ոստիկանությանը հատկացված գումարները, Թուրքիայի ողջ պաշտպանական բյուջեն կազմում է շուրջ 63 մլրդ լիրա (~22 մլրդ ԱՄՆ դոլար), և 2015-ի համեմատ ավելացել է շուրջ 10 մլրդ լիրայով:

Թուրքական ուժայինները Շրնաք նահանգի Ջիզրե գավառում

Թուրքական ուժայինները Շրնաք նահանգի Ջիզրե գավառում

Պաշտպանության նախարարության, այդ թվում նաև ԶՈւ գլխավոր շտաբի, ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի հատկացումները կազմում են շուրջ 26 մլրդ 451 մլն թուրքական լիրա (~9 մլրդ 222մլն դոլար): Այդ թվում պաշտպանական ծախսերի համար առանձնացվել է շուրջ 26 մլրդ 107 մլն լիրա, որից անձնակազմի ծախսերին հատկացվել է շուրջ 13,5 մլրդ լիրա: 2015-ի համեմատ զինված ուժերի հատկացումներն ավելացել են շուրջ 5 մլրդ լիրայով:

Ժանդարմերիային, որը պատերազմի կամ պատերազմական իրադրության պայմաններում անցնում է ԶՈւ ԳՇ ենթակայության տակ, հատկացվել է շուրջ 8 մլրդ 276 մլն լիրա (~2 մլրդ 887 մլն դոլար), իսկ առափնյա անվտանգության հրամանատարությանը` շուրջ 577 մլն լիրա (~201 մլն դոլար):

Ազգային հետախուզական կազմակերպությանը հատկացվել է շուրջ 1 մլրդ 636 մլն թուրքական լիրա (~570 մլն դոլար): Այն 2015-ին հաստատված հատկացումներից շուրջ 500 մլն լիրայով ավելի է:

Թուրքիայի զինված ուժերի և ուժային այլ կառույցների ռազմական կարիքների բավարարմամբ, ռազմարդյունաբերական ընկերությունների հետ սպառազինության ձեռքբերման պայմանագրերի ստորագրումով և նմանատիպ այլ հարցերով զբաղվող, ինչպես նաև թուրքական պետական ռազմարդյունաբերական ընկերությունների հիմնական մասի խոշոր բաժնետեր հանդիսացող պաշտպանական անվտանգության գլխավոր վարչությանը (ՊԱԳՎ) հատկացվել է շուրջ 57 մլն լիրա (~20 մլն դոլար):

Սակայն, պետք է նշել, որ ամեն տարի թուրքական ռազմարդյունաբերության աջակցման համար հիմնադրամ է ձևավորվում, որտեղ հավաքվում է մինչև 1 մլրդ ամերիկյան դոլար։

Ներքին գործերի նախարարությանը հատկացվել է շուրջ 4,8 մլրդ լիրա (~1 մլրդ 673 մլն դոլար), իսկ ՆԳՆ-ի ենթակայության տակ գործող անվտանգության գլխավոր տնօրինությանը (ոստիկանություն)` շուրջ 21 մլրդ 140 մլն լիրա (~7 մլրդ 370 մլն դոլար): 2015-ին այն կազմում էր շուրջ 17 մլրդ 623 մլն լիրա:

Ազգային անվտանգության խորհրդին (ԱԱԽ) հատկացված գումարը կազմում է շուրջ 25 մլն 702 հազար լիրա (~9 մլն դոլար):

2015թ. (լիրա) 2016թ. (լիրա)
ՊՆ, ԶՈւ ԳՇ 22 764 255 000 26 451 504 000
Ժանդարմերիա 6 489 530 000 8 276 881 000
Առափն. անվտ. 506 226 000 576 812 000
ՊԱԳՎ 46 643 000 57 377 000
ԱՀԿ 1 108 220 000 1 636 803 000
Ընդհանուր ռազմ. 30 914 874 000 36 999 377 000
ՆԳՆ 3 898 467 000 4 794 246 000
Ոստիկանություն 17 623 719 000 21 140 638 000
ԱԱԽ 22 575 000 25 702 000
Ընդհանուր 52 459 635 000 62 959 963 000

Նշենք, որ ներկայումս թուրքական ժանդարմերիան, ոստիկանությունը և ԶՈւ ԳՇ ստորաբաժանումները ակտիվորեն ներգրավված են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում քրդերի դեմ ռազմական գործողություններին: Իսկ մինչև 2017թ. վերջը Թուրքիան նախատեսում է կրկնապատկել ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերի թվաքանակը` հասցնելով 40 հազարի:

Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:

One response to “Թուրքիայի պաշտպանական բյուջեն զգալիորեն ավելացել է (աղյուսակ)

  1. Pingback: Թուրքիայի պաշտպանական բյուջեն աճել է տեղական արժույթով (աղյուսակ) | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *