Թուրքիայի կառավարությունը որոշել է երկրի արևելքում և հարավ-արևելքում քրդական խմբավորումների դեմ ռազմական գործողություններում ներգրավված հատուկ նաշանակության ուժերի թիվը մինչև 2017-ի վերջ հասցնել շուրջ 40 հազարի, նշված շրջաններում կառուցել ոստիկանության և ժանդարմերիայի ևս 280 ուղեկալ: Այս մասին մարտի 18-ին հայտնում է թուրքական «Սաբահ» պարբերականի կայքը:
Խոսքը Թուրքիայի ոստիկանության և ժանդարմերիայի հատուկ նշանակության գործողությունների անձնակազմի մասին է, որոնք դեռևս 2015-ի հուլիսից Թուրքիայի արևելյան և հարավարևելյան նահանգներում ներգրավված են «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) զինյալների դեմ ռազմական գործողություններում:
Հավելենք, որ քրդերի դեմ ռազմական գործողությունների հիմնական մասն ընթանում են քրդաբնակ քաղաքներում և քաղաքատիպ ավաններում: Քրդական աղբյուրները պնդում են, որ գործողությունների հետևանքով սպանվում են նաև զինված պայքարի հետ կապ չունեցող խաղաղ բնակիչներ: Թուրքիայի արևելքում 2015-ի հուլիսին սկսած զինված բախումների ընթացքին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Անդրադառնալով հատուկջոկատայինների թվի ավելացմանը` նշենք, որ ներկայումս ժանդարմերիայի հատուկջոկատայինները թիվը թուրքական պարբերականի տվյալներով հասնում է շուրջ 12,5 հազարի: Մինչև այս տարվա վերջ նախատեսվում է այն հասցնել 13,5 հազարի, իսկ մինչև 2017-ի վերջ` 20 հազարի:
Ոստինակության հատուկջոկատայինների թիվը նշվում է շուրջ 7,5 հազար: Այն ևս մինչև 2017-ի վերջ նախատեսվում է հասցնել 20 հազարի: Այդ նպատակով ներկայումս արդեն հատուկ կրթություն է անցնում շուրջ 5 հազար կուրսանտ: Բացի այդ էլ, Թուրքիայի անվտանգության գլխավոր տնօրինությունը (ոստիկանություն) 4 հազար հատուկջոկատայինների ընդունելության համար քննություն է հայտարարել:
Նշվում է, որ մոտ ժամանակներս Թուրքիայի կառավարությունը նախատեսում է նաև ավելացնել սահմանապահ զինծառայողների թվաքանակը:
Հավելենք, որ մարտի 2-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի հայտնած տեղեկությունների համաձայն` Թուրքիայի ԶՈւ ընդհանուր թվաքանակը կազմում է 610.095 է, որից 162.360-ը ժանդարմերիայում:
Pingback: Թուրքիայի պաշտպանական բյուջեն զգալիորեն ավելացել է (աղյուսակ) | Ռազմ.info