ՆԱՏՕ-ն մարտի 11-ից Թուրքիային է փոխանցել վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AWACS) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռ, որը մարտի 12-15-ին առաջին պարեկային առաջադրանքն է իրականացրել Թուրքիայի օդային սահմաններում: Այս մասին մարտի 16-ին հայտնել է ՆԱՏՕ-ի կայքը:
Ամերիկյան «Ջեյնս» ռազմական հանդեսը մարտի 16-ին հայտնել է, որ ՆԱՏՕ-ն արդեն 2-րդ AWACS ինքնաթիռն է տեղակայել Թուրքիայի Քոնիա քաղաքի մոտ տեղակայված ավիաբազայում:
Նշված աղբյուրը նաև հայտնում է, որ Թուրքիային նման համակարգերի տրամադրումը կապված է 2015-ի նոյեմբերի 24-ին Թուրքիայի կողմից ռուսաստանյան Սու-24Մ ռմբակոծիչի խոցման միջադեպից հետո Թուրքիա-Ռուսաստան հարաբերությունների սրման հետ:
Հիշեցնենք, որ 2015-ի դեկտեմբերի 19-ին ՆԱՏՕ-ն հաստատել էր Թուրքիային տրամադրվելիք «ՀՕՊ օգնության» փաթեթը, ինչը մասնավորապես ենթադրում է Սիրիայի հետ օդային սահմանների պաշտպանության հարցում այդ երկրին տրամադրել վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռներ:
Հավելենք, որ Թուրքիան ունի 4 միավոր` համակարգով համալրված Boeing 737 AEWAC ինքնաթիռներ, որոնցից վերջինը ստացել է 2015-ի դեկտեմբերի 9-ին:
Pingback: Ռազմաշաբաթ. Տարածաշրջան. 13 – 19 մարտի, 2016 | Ռազմ.info