Այսօր՝ մարտի 22-ին, Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ Ռուսաստանի զինված ուժերի հարավային ռազմական շրջանի մշտական պատրաստության բոլոր զորամասերն այսուհետ պետք է համալրվեն բացառապես պայմանագրային զինծառայողներով: ՌԴ պաշտպանության նախարարի հայտարարությունը փոխանցում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը:
Շոյգուն այս պահանջը ներկայացրել է ռազմական շրջանի ղեկավարին, երբ վերջինս Ղրիմի զորամասերից մեկը ներկայացնելիս նշել է, որ այն 2/3-ով համալրված է պայմանագրայիններով: Հարկ է նշել, որ Ղրիմում տեղակայված ռուսաստանյան ստորաբաժանումները ևս մտնում են ՀՌՇ կազմի մեջ:
Ավելի վաղ նման պահանջ դրվել է մասնավորապես ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մեջ մտնող, Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի առջև: 2015թ. հունվարի 12-ին Գյումրիում ռազմաբազայի զինծառայողի կողմից Ավետիսյանների ընտանիքի սպանության դեպքի հաջորդ օրը ռուսաստանյան Gazeta.ru լրատվակայքը, հղում անելով ՌԴ ՊՆ-ում սեփական աղբյուրներին, հայտնել էր, որ նախարարությունում քննարկում են արտերկրում գտնվող ՌԴ ԶՈւ ռազմաբազաները միայն պայմանագրային զինծառայողներով համալրելու հարցը։
Մի քանի օր անց մեկ այլ ռուսաստանյան լրատվամիջոց՝ Interfax գործակալությունը, նույնպես հղում անելով ՌԴ ՊՆ իր աղբյուրներին, հայտնեց, որ օտարերկրյա ռազմաբազաներում միայն պայմանագրային զինծառայողներ տեղակայելը վաղուց է որոշվել ու կապված չէ Գյումրիի ողբերգական դեպքի հետ: Աղբյուրը տեղեկացրել է նաև, որ Հայաստանում ռուսաստանյան 102-րդ ռազմաբազան միայն պայմանագրայիններով համալրելու ծրագիրը նախատեսված է ավարտել 2016 թ. գարնանը: