Թուրքիայի պաշտպանական բյուջեն աճել է տեղական արժույթով (աղյուսակ)

Նոյեմբերի 18-ին Թուրքիայի խորհրդարանի քննարկմանն է ներկայացվել 2017 թ. բյուջեի նախագիծը, որով ռազմական ոլորտին հատկացվում է շուրջ 40 մլրդ թուրքական լիրա (ներկայիս փոխարժեքով շուրջ 12 մլրդ ԱՄՆ դոլար):

Սա շուրջ 3,7 մլրդ լիրայով ավելի է 2016-ի բյուջեով նախատեսված ռազմական ծախսերից, սակայն լիրայի արժեզրկման արդյունքում բյուջեի ծավալը դոլարային փոխարժեքով պակաս է շուրջ 900 միլիոնով:

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ

Անկարա մտած տանկերը հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձի ժամանակ

Նշենք, որ 2017թ. համար նախատեսվում է ընդհանուր առմամբ շուրջ 645 մլրդ թուրքական լիրայի բյուջե:

Եթե հաշվի առնենք նաև ոստիկանությանը հատկացված գումարները, Թուրքիայի ողջ պաշտպանական բյուջեն կազմում է շուրջ 64,3 մլրդ լիրա (~19,09 մլրդ ԱՄՆ դոլար), և 2016-ի համեմատ ավելացել է շուրջ 6,1 մլրդ լիրայով:

Պաշտպանության նախարարության, այդ թվում նաև ԶՈւ գլխավոր շտաբի, ցամաքային, ռազմածովային և ռազմաօդային ուժերի հատկացումները կազմում են շուրջ 28 մլրդ 702 մլն թուրքական լիրա (~8 մլրդ 524 մլն դոլար): Այդ թվում՝ ապրանքների և ծառայությունների գնումների համար նախատեսվում է  առանձնացնել է 10 մլրդ 724 մլն լիրա, իսկ անձնակազմի ծախսերի համար՝ շուրջ 14,8 մլրդ լիրա: 2016-ի համեմատ զինված ուժերի հատկացումներն ավելացել են շուրջ 2 մլրդ լիրայով, որը հիմնականում հատկացվում է անձնակազմի ծախսերին:

2016թ. (լիրա) 2017թ. (լիրա)
ՊՆ, ԶՈւ ԳՇ 26 451 504 000 28 702 119 000
Ժանդարմերիա 8 276 881 000 9 374 739 000
Առափն. անվտ. 576 812 000 649 761 000
ՊԱԳՎ 57 377 000 — — —
ԱՀԿ 1 636 803 000 1 995 692 000
Ընդհանուր ռազմ. 36 999 377 000 40 722 311 000
Ոստիկանություն 21 140 638 000 23 537 811 000
ԱԱԽ քարտուղարություն 25 702 000 28 071 000
Ընդհանուր 58 165 717 000 64 288 193 000

Նշենք, որ հուլիսի 15-ի ռազմական հեղաշրջման փորձից հետո հեռացված բազմաթիվ զինվորականների փոխարեն Թուրքիայի ՊՆ-ն սկսել է քաղաքացիականներից նոր ենթասպաների և սպաների ընդունման գործընթաց: Բացի այդ, վերակազմավորվում է առհասարակ զինված ուժերի կրթական, առողջապահական, ծառայության կազմակերպման ողջ համակարգը:

Ժանդարմերիային, որը երկրի արևելյան և հարավարևելյան նահանգներում ներգրավված է քրդերի դեմ ռազմական գործողություններին, հատկացվել է շուրջ 9 մլրդ 375 մլն լիրա (~2 մլրդ 784 մլն դոլար), որից շուրջ 6 միլիարդը կրկին նախատեսված է անձնակազմի ծախսերի համար: Իսկ առափնյա անվտանգության հրամանատարության համար հատկացումները նախատեսվում են շուրջ 649 մլն լիրայի չափով (~201 մլն դոլար):

Այս երկու կառույցները հեղաշրջման փորձից հետո ամբողջովին անցել են ՆԳՆ ենթակայությանը: Բացի այդ, ժանդարմերիան նույնպես սկսել է 10 հազար հատուկջոկատայինների ընդունման գործընթաց: Ընթացիկ բյուջեի համեմատ ժանդարմերիայի ծախսերը նախատեսվում է ավելացնել շուրջ 1 միլիարդ լիրայով, ևս շուրջ 100 միլիոնով աճում են առափնյա անվտանգության ծախսերը: Դոլարային փոխարժեքով հատկացումները գրեթե հավասար են ընթացիկ տարվա ծախսերին:

Ազգային հետախուզական կազմակերպությանը հատկացվել է շուրջ 2 մլրդ թուրքական լիրա (~592 մլն դոլար): Այն 2016-ին հաստատված հատկացումներից ավել է շուրջ 380 մլն, իսկ 2015-ից՝ շուրջ 900 մլն լիրայով: Նաև միակ ծառայությունն է, որի բյուջեն, չնայած լիրայի կտրուկ արժեզրկմանը, ավելացել է նաև դոլարային փոխարժեքով:

Նշենք, որ Ռեջեփ Թայիփ Էրդողանի իշխանության տարիներին իրականացվում է հետախուզական կազմակերպության դիրքերի ամրապնդման գործընթաց: Նշվածի շրջանակներում զգալիորեն ավելացվում են այդ կառույցի իրավասությունները և համապատասխան միջոցներ են հատկացվում: Սրա հիմնական նպատակը բանակին հակակշիռ ստեղծելն է, ինչը զգալի չափով իրականացվել է արդեն:

Թուրքական պետական ռազմարդյունաբերական ընկերությունների հիմնական մասի խոշոր բաժնետեր հանդիսացող պաշտպանական անվտանգության գլխավոր վարչությանը (ՊԱԳՎ) հատկացումների բյուջեի այս նախագծում չեն արտացոլվում: Սակայն դրանք սովորաբար կազմում են շուրջ 50-60 մլն լիրա (շուրջ 20-25 մլն դոլար), և ընդհանուր ռազմական բյուջեի վրա զգալի ազդեցություն չունեն: Սակայն, պետք է նշել, որ ամեն տարի թուրքական ռազմարդյունաբերության աջակցման համար հիմնադրամ է ձևավորվում, որտեղ հավաքվում է մինչև 1 մլրդ ամերիկյան դոլար։

ՆԳՆ-ի ենթակայության տակ գործող անվտանգության գլխավոր տնօրինության (ոստիկանություն) ծախսերը նախատեսվում են 23 մլրդ 537 մլն լիրա (~7 մլրդ դոլար): 2015-ին այն կազմում էր շուրջ 21 մլրդ 140 մլն լիրա, իսկ 2015-ին՝ շուրջ 17,5 մլրդ լիրա: Այստեղ ևս բանակին հակակշիռ ստեղծելու էրդողանյան քաղաքականությունն է գործում:

Մասնավորապես ռազմական հեղաշրջման փորձը ցույց տվեց, որ չնայած ոստիկանության շարքերից ևս մասնակիցներ կային, սակայն բանակին ռազմական առումով հակակշռելու հիմնական ուժը հենց ոստիկանությունը, և մասնավորապես՝ ոստիկանության հատուկջոկատայինները դարձան: Վերջիններիս թիվը նույնպես նախատեսվում է ավելացնել առայժմ 10 հազարով:

Թուրքիայի զինված ուժերում, ժանդարմերիայում և ոստիկանությունում հեղաշրջման փորձից հետո կատարվող փոփոխությունների մասին առավել մանրամասն՝ այստեղ:

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարությանը (ԱԱԽ) նախատեսվում է հատկացնել շուրջ 28 մլն 71 հազար լիրա (~8.3 մլն դոլար): Ընթացիկ տարվա համեմատ փոփոխությունը գրեթե աննշան է:

Նշենք, որ ներկայումս թուրքական ժանդարմերիան, ոստիկանությունը և ԶՈւ ԳՇ ստորաբաժանումները ակտիվորեն ներգրավված են Թուրքիայի արևելյան և հարավարևելյան շրջաններում քրդերի դեմ ռազմական գործողություններին: Իսկ մինչև 2017թ. վերջը Թուրքիան նախատեսում է կրկնապատկել ժանդարմերիայի և ոստիկանության հատուկ նշանակության ուժերի թվաքանակը` հասցնելով 40 հազարի:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *