ՌԴ ՊՆ ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը փետրվարի 4-ին հայտարարել է, որ ռուսաստանյան կողմը հիմքեր ունի ենթադրելու, որ Թուրքիան պատրաստվում է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայի տարածքում: Նման կասկածներ նույն օրը հայտնել է նաև բրիտանական Guardian պարբերականը:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը մասնավորապես հայտնել է, որ թուրքական զինուժը վերջին ժամանակներս ակտիվ նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում թուրք-սիրիական սահմանին:
ՌԴ ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ Թուրքիան չի կարող թաքցնել իր նախապատրաստական աշխատանքները` անգամ ՌԴ ռազմաօդային ուժերին արգելելով դիտորդական թռիչքներ իրականացնել իր օդային տարածքում :
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտնել էր, որ փետրվարի 1-5-ը Ռուսաստանը դիտորդական թռիչք կիրականացնի Թուրքիայի օդային սահմաններում`երկու երկրների վավերացրած «Բաց երկնքի» միջազգային պայմանագրի համաձայն: Սակայն երկու օր անց Թուրքիայի ԱԳՆ-ն հայտարարեց, որ իրենք համաձայնության չեն հասել դիտորդական թռիչքի ուղու հարցում և Թուրքիան Ռուսաստանին չի թույլատրել դիտորդական թռիչք կատարել իր երկրի օդային սահմաններում: Այնուհետև պարզվեց, որ թուրքական կողմը չէր թույլատրել դիտարկել թուրք-սիրիական սահմանի հատվածը:
Ամերիկյան CNN հեռուստաընկերության կայքի փոխանցմամբ` Թուրքիայի կառավարության ներկայացուցիչն իրենց հարցմանն ի պատասխան հերքել է Թուրքիայի` Սիրիայում ցամաքային գործողություններ իրականացնելու մասին ռուսաստանյան կողմի պնդումները:
Մյուս կողմի, փետրվարի 4-ին Սաուդյան Արաբիան հայտարարել էր, որ կարող է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայի տարածքում, իսկ Guardian-ն ավելացնում է, որ սաուդյան աղբյուրներից ստացած տեղեկություններով` Սաուդյան Արաբիան նախատեսում է Սիրիայում ցամաքային գործողություններ սկսել Թուրքիայի կոորդինացմամբ:
Նշենք, որ փետրվարի 3-ին Թուրքիայի ԶՈւ ԳՇ կայքը հայտնել էր, որ Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետ, բանակի գեներալ Հուլուսի Աքարը հունվարի 30-ից փետրվարի 1-ն այցելել է Սաուդյան Արաբիա, հանդիպել այդ երկրի ԶՈւ ԳՇ պետին, ինչպես նաև այդ երկրի ԶՈւ ՌՕՈւ ռազմաօդային գործողությունների կառավարման կենտրոն, հանդիպել հրամանատարներին:

Թուրքիայի և Սաուդյան Արաբիայի ԶՈւ գլխավոր շտաբի պետերը 2016-ի հունվարի 31-ին Սաուդյան Արաբիայում հանդիպման ընթացքում
Ավելացնենք, որ փետրվարի 4-ին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին «ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ իրենք պատրաստ են մասնակցել ցանկացած ցամաքային գործողության Սիրիայի տարածքում, որին որ կգնա ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան: Նա ավելացրել է, որ իրենք բաց են բանակցությունների համար և համոզված, որ միայն օդային հարվածներով հնարավոր չէ կարգավորել իրավիճակը Սիրիայում և դրանց զուգահեռ անհրաժեշտ է ցամաքային գործողություններ իրականացնել:
Հավելենք, որ վերջին ժամանակներս Սիրիայի կառավարական զորքերը ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ զգալի հաջողություններ են գրանցում Սիրիայի տարածքները զինյալներից ազատագրելու գործում, ինչը մեծապես ահանգստացնում է նաև Թուրքիային, քանի որ Սիրիայի կառավարական ուժերը հարվածում են Թուրքիայի կողմից հովանավորվող խմբավորումներին, ինչպես նաև արդեն մոտեցել են Թուրքիայի Քիլիս քաղաքի դիմացի սիրիական Ազեզ քաղաքին:
Բացի այդ, Թուրքիայի սահմանակից շրջաններում վերջին հատվածում ակտիվանում են նաև քրդական PYD-ի զինված ուժերի` YPG-ի մարտիկները, որոնք դաշնակցում են Սիրիայիա կառավարական ուժերի հետ և, որոնց հարցում ևս Թուրքիան վտանգ է տեսնում:
Սիրիայի կառավարական զորքերի կողմից Ազեզը գրավելու պարագայում Թուրքիային սահմանակից սիրիական շրջանները կմնան կառավարական ուժերի, քրդերի և «Իսլամական պետության» տիրապետության տակ:
Pingback: Ռազմաշաբաթ․ Տարածաշրջան․ 31 հունվարի – 6 փետրվարի, 2016 | Ռազմ.info
Pingback: Սաուդյան Արաբիան ռազմական ինքնաթիռներ է տեղակայել Թուրքիայում | Ռազմ.info