Սիրիայի կառավարական բանակը ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ փետրվարի 3-ին «ալ-Նուսրա» ահաբեկչական խմբավորման շրջափակումից ազատագրել է Հալեպից հյուսիս գտնվող Նուբլ և Զահրա բնակավայրերը` կտրելով Իդլիբի նահանգում և Հալեպի մի մասում տեղակայված զինյալ խմբավորումների կապը Թուրքիայի հետ` Հալեպի հյուսիսային հատվածով:
Սիրիական «Սանա» լրատվական գործակալության փոխանցմամբ` Սիրիայի կառավարական բանակն այժմ շարունակում է առաջխաղացումը Հալեպի հյուսիսային շրջաններով, ինչպես նաև հարվածներ հասցնում Հալեպում տեղակայված գրոհայիններին, որոնք գրեթե ամբողջովին մեկուսացվել են խմբավորման տիրապետության տակ գտնվող մյուս շրջաններից, իսկ երեկվա գործողությունից հետո` արդեն նաև Թուրքիայի տարածքից:
Կառավարական բանակը կարողացել է հսկողություն սահմանել նաև Հալեպի հյուսիսային Դեյր էլ-Զեյթուն, Թալ Ջբեեն և Հարդանթին բնակավայրերի նկատմամբ: Սակայն հատկապես կարևոր էր Նուբլ և Զահրա բնակավայրերում հսկողություն սահմանելը, քանի որ վերջիններս գտնվում են Հալեպը Թուրքիային կապող Մայեր–Անադան ճանապարհին և շուրջ 3 տարի «ալ-Նուսրայի ճակատ» ահաբեկչական խմբավորման տիրապետության տակ էին:
Ստորև ներկայացնում ենք վերջին օրերին Սիրիայի կառավարական ուժերի և գրոհայինների մարտերի հիմնական վայրերի քարտեզը:
Լիբանանյան «Հզբոլլահի» հսկողության տակ գտնվող «ալ-Մանար» հեռուստաընկերության կայքը ևս հաստատում է բնակավայրերի նկատմամբ սիրիական բանակի հսկողություն սահմանելու հանգամանքը:
Հալեպի գավառում Սիրիայի կառավարական բանակի գործողությունները 2015-ի վերջին
Հիշեցնենք, որ 2012-ից քաղաքի Հալեպ քաղաքի արևմտյան հատվածը գտնվում է Սիրիայի կառավարական զորքերի վերահսկողության տակ, իսկ մյուս հատվածները` Սիրիայի սուննի արաբական զինյալ խմբավորումների` այդ թվում «Սիրիայի ազատ բանակի»: Մի շարք շրջաններ էլ վերահսկում են ԻՊ զինյալները, որոնք փետրվարի 3-ի գործողությունից հետո արդեն գրեթե ամբողջովին մեկուսացվել են սնուցման աղբյուրներից:
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 3-ին էլ Սիրիայի կառավարական ուժերը հսկողութուն էին հաստատել Հալեպ—Խանասեր—Իսրիյա—Էլ-Սալամիյա բնակավայրերը միմյանց կապող ճանապարհի նկատմամբ: Իսկ նոյեմբերի 10-ին հսկողություն էին հաստատել Հալեպից արևելք ընկած Քվեյրիս (Ռասին էլ-Աբոուդ) ավիաբազայի նկատմամբ:
Կառավարական ուժերն արդեն նոյեմբերի 12-ին իրենց հսկողության տակ վերցրին Հալեպից հարավ ընկած ալ-Հադեր քաղաքը, նոյեմբերի 15-ին` ալ-Բարքում բնակավայրի նկատմամբ: Նոյեմբերի 25-ին կառավարական ուժերը գրավեցին Քվայրիս ավիաբազայի շուրջ գտնվող մի շարք բնակավայրեր` կտրելով Ռաքքայում և Հալեպում տեղակայված գրոհայինների կապը: Դեկտեմբերի 28-ին կառավարական ուժերը գրավեցին Քվեյրիս ռազմաբազային մոտ տեղակայված Թել-Շերբիյա բարձունքը, որը հնարավորություն տվեց ավելի զարգացնել հաջողությունները:
Թուրքիայի գործոնը
Նշենք, որ բազմիցս հայտարարվել է այն մասին, որ Թուրքիան ուղղակիորեն և անուղղակիորեն աջակցում է ԻՊ գործողություններին Սիրիայի տարածքում: Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վարած քաղաքականությանը, ԻՊ հետ հարաբերություններին կարող եք ծանոթանալ այս հղումով:
Հավելենք նաև, որ փետրվարի 1-ից Ժնևում ՄԱԿ-ի նախաձեռնությամբ սկսված բանակցությունները ընդամենը երկու օր անց` փետրվարի 3-ին ընդհատել էր Սիրիայի հարցով ՄԱԿ-ի բանագնացը` հայտարարելով, որ սիրիական ընդդիմությունը պատրաստ չէ առանց նախապայմանների քննարկման սեղանին նստել և բանակցությունները կվերսկսվեն փետրվարի 25-ին:
Ասադի բանակին օգնող հիմնական ուժերը
Հիշեցնենք, նաև, որ սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի կառավարության միջնորդությամբ կետային ավիահարվածներ է հասցնում այդ երկրում «Իսլամական պետություն», ինչպես նաև մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին: Գործողություններին ներգրավված են ՌԴ ԶՈւ հեռահար, օպերատիվ-մարտավարական ավիացիան, ռազմանավեր և սուզանավեր:
Բացի այդ, Սիրիայի կառավարական ուժերին օգնում են Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի մարտիկները, որոնք մասնավորապես ներգրավված են նաև Հալեպի մարտերին: Որոշ աղբյուրների համաձայն` Սիրիայի կառավարական ուժերին օգնում է նաև լիբանանյան «Հզբոլլահ» կազմակերպությունը:
Սիրիայի բանակի մարտիկներին խորհրդատվական տեղեկություններ են տրամադրում նաև ռուսաստանյան բանակի ռազմական մասնագետները, որոնցից մեկը փետրվարի 1-ին սպանվել է:
Pingback: Թուրքիան կարող է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում. ՌԴ ՊՆ | Ռազմ.info
Pingback: Սիրիայի քրդերը զինյալներից ռազմաբազա են գրավել Թուրքիայի սահմանին | Ռազմ.info
Pingback: Գրոհայինները կտրել են Սիրիայի կառավարական բանակը Հալեպին կապող միակ ուղին | Ռազմ.info