Սաուդյան Արաբիան ռազմական ինքնաթիռներ է տեղակայել Թուրքիայում

Փետրվարի 14-ին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքի հետ հարցազրույցում հայտնել է, որ իրենք արդեն ռազմական ինքնաթիռներ են տեղակայել Թուրքիայի «Ինջիրլիք» ավիաբազայում` Սիրիայում «Իսլամական պետության» դիրքերին ավիահարվածներ հասցնելու համար:

Հարցին, թե արդյո՞ք ցամաքային ուժեր նույնպես կներգրավվեն ԻՊ դեմ պայքարին, Սաուդյան ՊՆ ներկայացուցիչը հայտնել է, որ «ներկայում ներգրավված են ինքնաթիռները, որոնք Սաուդյան զինուժի մաս են»: Պաշտոնյան նշել է, որ ցամաքային ուժեր առայժմ չեն ուղարկել:

Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ F-15 կարծանիչներ

Սաուդյան Արաբիայի ՌՕՈՒ F-15 կարծանիչներ

Թուրքական «Դողան» լրատվական գործակալությունը, փետրվարի 14-ին հայտնելով ինքնաթիռների տեղակայման մասին, նաև հիշեցրել է, որ փետրվարի 13-ին Թուրքիայի արտգործնախարարը նշել էր, որ Սաուդյան Արաբիան ռազմական ինքնաթիռներ է տեղակայելու «Ինջիրլիքում», սակայն արտգործնախարարն առավելապես շեշտել էր Սիրիայի նախագահ Ասադի և քրդական YPG-ի դեմ պայքարելու անհրաժեշտությունը:

Ավելացնենք, որ փետրվարի 4-ին Սաուդյան Արաբիայի պաշտպանության նախարարի խորհրդական Ահմեդ Ասիրին «Ալ-Արաբիա» հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտնել էր, որ իրենք պատրաստ են մասնակցել ցանկացած ցամաքային գործողության Սիրիայի տարածքում, որին որ կգնա ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիան:

Նա ավելացրել էր, որ իրենք պատրաստ են բանակցությունների և համոզված են, որ «միայն օդային հարվածներով հնարավոր չէ կարգավորել իրավիճակը Սիրիայում» և դրանց զուգահեռ անհրաժեշտ է ցամաքային գործողություններ իրականացնել:

Հավելենք, որ միևնույն ժամանակ փետրվարի սկզբին ՌԴ ՊՆ հայտնել էր այն մասին, որ թուրքական զինուժը սաուդյան բանակի հետ մտադիր է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայի տարածքում: Նշվում էր, որ որոշումը կայացվել է 2016-ի հունվարի 30-ից փետրվարի 3-ը Թուրքիայի վարչապետի և ԶՈւ ԳՇ պետի` Սաուդյան Արաբիա այցի ընթացքում:

Նշենք, որ Թուրքիան և Սաուդյան Արաբիան շահագրգռված են Ասադի իշխանության տապալմամբ, և կարելի է ենթադրել, որ այս գործողություններն ուղղված են վերջին շրջանում ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ հաջողություններ գրանցող Սիրիայի կառավարական ուժերի, այլ ոչ թե ահաբեկչական խմբավորումների դեմ, քանի որ Սաուդյան Արաբիան և Թուրքիան Սիրիայում ահաբեկչական խմբավորումների դիրքերի ամրապնդման շրջանում քայլեր չէին ձեռնարկում այդ երկրի տարածքում գործողություններ սկսելու համար:

Փետրվարի 13-ին Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն հերքել էր Սիրիայում ցամաքային գործողություններ սկսելու մասին լուրերը` նշելով, որ Թուրքիայի զինված ուժերը փետրվարի 13 և 14-ին միայն հրետանային կրակով ճնշել են թուրքական սահմանին մոտեցող քրդական YPG-ի առաջխաղացումը:

2 responses to “Սաուդյան Արաբիան ռազմական ինքնաթիռներ է տեղակայել Թուրքիայում

  1. Pingback: Սաուդյան Արաբիան առաջին ավիահարվածներն է հասցրել Սիրիայում ԻՊ դիրքերին | Ռազմ.info

  2. Pingback: Սաուդյան Արաբիայի ԶՈւ կործանիչները տեղակայվել են Թուրքիայի «Ինջիրլիքում» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *