Թուրքիան քննարկում է ևս 2 AEW&C ինքնաթիռ գնելու տարբերակը

Թուրքիայի պաշտպանական արդյունաբերության գլխավոր վարչությունը (ՊԱԳՎ) կառավարության հետ քննարկում է «Բոինգ» ընկերությունից ևս 2 միավոր վաղ նախազգուշացման և վերահսկման ինքնաթիռ (Boeing 737 AEW&C) գնելու տարբերակը: Այս մասին փետրվարի 4-ին հայտնում է ամերիկյան Defense News ռազմական լրատվակայքը:

Boeing 737 AEW&C ինքնաթիռ. Թուրքիայի ԶՈւ

Boeing 737 AEW&C ինքնաթիռ. Թուրքիայի ԶՈւ

Թուրքիայի ՊԱԳՎ ներկայացուցիչը նշել է, որ երբ իրենք կնքել էին 4 նման ինքնաթիռ ձեռք բերելու պայմանագիր` այդ ժամանակ Թուրքիային սպառնացող վտանգներն այլ էին, իսկ այժմ դրանք ավելացել են:

Թուրքական պաշտոնյան նաև նշել է, որ նոր ինքնաթիռների գնման հարցը կքննարկվի այս տարի` ՊԱԳՎ գործադիր կոմիտեի նիստերից մեկի ընթացքում: Նա ավելացրել է, որ հաստատվելու պարագայում ինքնաթիռների պատվերը կընդգրկվի Թուրքիայի զինված ուժերի համար նախատեսված գնումների առաջիկա 10 տարվա պլանում, սակայն չի բացառվում, որ ինքնաթիռների վերջնական օգտագործողը` Թուրքիայի ԶՈւ ռազմաօդային ուժերը, կարող են իրենց պատվերներում ապագայում փոփոխություն կատարել` կապված նոր պահանջների հետ:

Հավելենք, որ Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպառազինությունում առկա են 4 միավոր` AWACS համակարգով համալրված Boeing 737 AEWAC ինքնաթիռներ, որոնցից վերջինը մատակարարվել է 2015-ի դեկտեմբերի 9-ին: «Բոինգի» և Թուրքիայի միջև նման համակարգեր ձեռք բերելու 1,6 մլրդ ամերիկյան դոլար արժողությամբ պայմանագիրը ստորագրվել էր 2002 թվականին, սակայն մատակարարումը բազմիցս հետաձգվել էր` կապված նաև տեխնիկական խնդիրների հետ:

2015-ի դեկտեմբերի 19-ին ՆԱՏՕ-ն հաստատել էր Թուրքիային տրամադրվելիք «ՀՕՊ օգնության» փաթեթը, ինչը մասնավորապես ենթադրում է Սիրիայի հետ օդային սահմանների պաշտպանության հարցում այդ երկրին տրամադրել վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AEWAC) սպառազիված Boeing E-3 ինքնաթիռներ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *