Թուրքիան Ռուսաստանին չի թույլատրել դիտորդական թռիչք կատարել իր տարածքում

Թուրքիան Ռուսաստանին չի թույլատրել դիտորդական թռիչք կատարել իր երկրի օդային սահմաններում, ինչը նախատեսված էր երկու երկրների վավերացրած «Բաց երկնքի» միջազգային պայմանագրով: Թուրքիայի ԱԳՆ խոսնակ Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Ռուսաստանը, պայմանագրի համաձայն, Թուրքիայի տարածքում փետրվարի 2-5-ը դիտորդական թռիչք անցկացնելու հայտ էր ներկայացրել, սակայն կողմերը չեն կարողացել համաձայնության հասնել թռիչքի ուղու հարցում:

ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի «Ան-30» օդային հետախուզության ինքնաթիռ

ՌԴ ԶՈւ օդատիեզերական ուժերի «Ան-30» օդային հետախուզության ինքնաթիռ

Թուրքիայի ԱԳՆ խոսնակը նշել է, որ Ռուսաստանը նույնպես մշտապես իր օդային տարածքում դիտորդական թռիչքների համար մի շարք սահմանափակումներ է դնում: Պաշտոնյան հայտնել է, որ 2015-ի դեկտեմբերին Ռուսաստանը համաձայնել էր թուրքական կողմի ներկայացրած օդային ուղիով դիտարկում անցկացնել, սակայն այս անգամ հրաժարվել է:

Հիշեցնենք` փետրվարի 1-ին Թուրքիայի ԶՈւ գլխավոր շտաբը հայտարարել էր, որ Ռուսաստանը «Բաց երկնքի» պայմանագրի համաձայն փետրվարի 1-5-ին դիտորդական թռիչք կիրականացնի Թուրքիայի տարածքում` թուրքական մասնագետների ուղեկցությամբ: Սակայն որևէ բան չէր նշվել թռիչքի ուղու հարցում անհամաձայնությունների, կամ պայմանագրով նախատեսված թռիչքն իրականացնելուն խոչընդոտող հնարավոր հանգամանքների մասին:


Միջադեպին արդեն արձագանքել է ՌԴ ՊՆ-ն: Մասնավորապես, ՌԴ պաշտպանության նախարարության` պայմանագրերի կատարման վերահսկման վարչության պետ Սերգեյ Ռիժկովը հայտնել է, որ Ռուսատանը փետրվարի 1-ից 5-ը պետք է Ան-30Բ ինքնաթիռով դիտորդական թռիչք անցկացներ Թուրքիայի օդային տարածքում: Այդ ժամանակ թուրքական կողմը համաձայնել էր և որևէ նախապայման առաջ չէր քաշել:

Նա նշել է, որ թռիչքի հետագիծը ներառում էր նաև Սիրիային սահմանակից շրջանները, ինչպես նաև այն օդանավակայանները, որտեղ տեղակայված են ՆԱՏՕ-ի ստորաբաժանումներ: Սակայն ռուսաստանյան խմբի տեղ հասնելուց հետո Թուրքիայի ԶՈւ ներկայացուցիչները հրաժարվել են թույլատրել դիտորդական թռիչքը` մեջբերելով երկրի արտաքին գերատեսչության պահանջը:

Ռիժկովը հայտարարել է, որ պայմանագրի խախտմամբ և ոչ կառուցողական գործողություններով Թուրքիան ստեղծում է «Բաց երկնքի» պայմանագիրը վավերացրած երկրների համար չվերահսկվող ռազմական գործունեություն ծավալելու նախադեպ:


Նշենք, որ «Բաց երկնքի մասին» պայմանագիրը ստորագրվել է 1992 թվականի մարտի 24-ին Հելսինկիում ԵԱՀԿ անդամ 27 պետությունների կողմից, ավելի ուշ պայմանագրին միացել են ևս յոթ պետություն։ Պայմանագրի մասնակից երկրների օդային տարածքներում պարբերաբար դիտարկումներ իրականացնելու նպատակով կատարվում են թռիչքներ` զինուժի և սպառազինության փոխադարձ վերահսկողության նպատակներով։

Ռուսաստանը պայմանագիրը վավերացրել է 2001-ին, իսկ Թուրքիան՝ դեռևս 1994-ին: 2006-ին երկու կողմերը համաձայնության էին հասել փոխադարձ դիտորդական թռիչքներ անցկացնելու հարցում:


Թուրք-ռուսական հարաբերությունների սրումը

Սակայն երկու երկրների հարաբերությունները սկսել են լարվել այն բանից հետո, երբ 2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի կառավարության միջնորդությամբ սկսեց կետային ավիահարվածներ հասցնել այդ երկրում «Իսլամական պետություն», ինչպես նաև մի շարք այլ ահաբեկչական խմբավորումների դիրքերին:

Նախ, թուրքական կողմը Ասադի իշխանությունը համարում է հակառակորդ և թշնամական վարչակարգ, ինչպես նաև Սիրիայի` Թուրքիային սահմանակից շրջաններում պաշտպանում է թյուրքական խմբավորումների շահերը` Սիրիայի կառավարության դեմ պատերազմում` փորձելով իր վերահսկողությունը հաստատել Սիրիայի հյուսիսային շրջաններում: Այդ նպատակով Թուրքիան բազմիցս օժանդակել է նաև «Իսլամական պետության» գործունեությանը:

Սիրիայի հյուսիսում Թուրքիայի վարած քաղաքականությանը, ԻՊ հետ հարաբերություններին կարող եք ծանոթանալ այս հղումով:

2015-ի  նոյեմբերի 24-ին Սիրիայի՝ Թուրքիայի հետ սահմանամերձ հատվածում Թուրքիան խոցեց Ռուսաստանի զինված ուժերի Սու-24Մ ռմբակոծիչը, ինչը բերեց երկու երկրների հարաբերությունների սրմանը և անվտանգության հավելյալ միջոցառումների, ինչպես նաև Ռուսաստանի կողմից Թուրքիայի նկատմամբ մի շարք տնտեսական պատժամիջոցների սահմանմանը:

Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ՍՈւ-25 գրոհիչները՝ մարտական առաջադրանքով թռիչք կատարելիս

Սիրիայում տեղակայված ռուսաստանյան ավիաբազայի ՍՈւ-25 գրոհիչները՝ մարտական առաջադրանքով թռիչք կատարելիս

Մասնավորապես ռուսաստանյան ինքնաթիռի խոցումից հետո թուրքական կողմը մշտապես հայտարարում է, որ ռուսաստանյան ավիախումբը ռմբակոծում է թյուրքական խմբավորման դիրքերը, սպանում խաղաղ բնակիչներին:

Իսկ վերջին օրերին Թուրքիային հատկապես սկսել է անհանգստացնել այն փաստը, որ Սիրիայի կառավարական բանակը ռուսաստանյան ավիախմբի օգնությամբ իր հսկողության տակ է վերցրել Հալեպից հյուսիս գտնվող Նուբլ և Զահրա բնակավայրերը` կտրելով Թուրքիայի կապը Հալեպի զինյալների հետ:

Այս փաստերը հաշվի առնելով՝ կարելի է ենթադրել, որ Ռուսաստանի դիտորդական թռիչքը չի թույլատրվել՝ Սիրիայի հետ սահմանին թուրքական զինուժի շարժը և գործողությունները թաքուն պահելու նպատակով:

3 responses to “Թուրքիան Ռուսաստանին չի թույլատրել դիտորդական թռիչք կատարել իր տարածքում

  1. Pingback: Թուրքիան կարող է ցամաքային գործողություններ սկսել Սիրիայում. ՌԴ ՊՆ | Ռազմ.info

  2. Pingback: Ռուսաստանն ամբողջությամբ դադարեցրել է Թուրքիայի հետ ռազմատեխնիկական համագործակցությունը | Ռազմ.info

  3. Pingback: Ռուսաստանը դիտորդական թռիչք է անցկացնելու Թուրքիայի օդային տարածքում | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *