Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի նռնականետային ստորաբաժանման զինծառայողները բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում մեկամսյա վարժանքներ են սկսել։ Այս մասին դեկտեմբերի 9-ին հայտնել է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը։
Զորավարժությանը մասնակցում է շուրջ 150 նռնականետորդ ու հրաձիգ: Կիրառվում են ՌՊԳ-7 ու ԱԳՍ-17 տիպի նռնականետներ։
Վարժանքների մասնակիցները սովորելու են հետախուզել օբյեկտն ու չափել դրա հեռավորությունը, ծածուկ տեղաշարժվել մարտադաշտում, քողարկել դիրքերը, շարքից հանել պայմանական հակառակորդի զինտեխնիկան և կենդանի ուժը՝ կիրառելով ցերեկային և գիշերային տեսանելիություն ապահովող դիտարկման և թիրախավորման սարքավորումներ։
Հիշեցնենք նաև, որ մեկ ամիս առաջ էլ՝ նոյեմբերի 9-ին, ձմեռային ուսումնական փուլին ընդառաջ բարձրլեռնային «Կամխուդ» զորավարժարանում վարժանքներ են անցկացրել 102-րդ ռազմաբազայի գումարտակների (դիվիզիոնների) հրամանատարներն ու նրանց տեղակալները։ Իսկ օրեր առաջ հայտնի է դարձել, որ վարժանքներ են անցկացնում նաև ռազմաբազայի դիպուկահարները:
Հավելենք, որ Ռուսաստանի ԶՈւ Հարավային ռազմական շրջանի մեջ մտնող 102-րդ ռազմաբազան Հայաստանում՝ Գյումրիում, տեղակայվել է 1995 թվականին Հայաստանի ու Ռուսաստանի միջպետական համաձայնագրով:
Pingback: Ռազմաշաբաթ. Հայաստան. 6 – 12 դեկտեմբերի, 2015 | Ռազմ.info
Pingback: Ռուսաստանի ԶՈւ 102-րդ ռազմաբազայի հետախույզները վարժանքներ են սկսել «Կամխուդում» | Ռազմ.info