Ռազմաշաբաթ. Հայաստան. 6 – 12 դեկտեմբերի, 2015

Հրադադարից հետո Ադրբեջանն առաջին անգամ հայկական դիրքերին կրակել է տանկով • Սահմանային մարտերում հայկական կողմն ունի կորուստներ • Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ • ԱԱԾ-ն պետական դավաճանության մեղադրանքով ձերբակալել է պահեստազորի մայորի • ՀՀ ԶՈւ զինծառայողն ինքնասպանության փորձ է արել • Դեկտեմբերին կանցկացվի բժշկական կազմի սպաների զորակոչ-զորացրում • Կամրապնդվի մարտական հերթապահություն իրականացնողների սոցիալական պաշտպանվածությունը • Գերմանիայի պաշտպանության նախարարն այցելել է Աֆղանստանում ծառայող ՀՀ ԶՈւ խաղաղապահներին • ՀԱՊԿ ռազմական խորհուրդը ՌԴ ԶՈւ ռմբակոծիչի խոցումը թուրքական կողմի ագրեսիա է որակել • «Էրեբունու» ՌԴ ԶՈւ ավիախումբը համալրվել է ուղղաթիռներով • ՌԴ ԶՈւ 102-րդ ռազմաբազայի նռնականետորդները վարժանքներ են սկսել

Նախարար Օհանյանի զրույցը հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ

Նախարար Օհանյանի զրույցը հոսպիտալում ապաքինվող զինծառայողների հետ

• Դեկտեմբերի 8-9-ին հայ-ադրբեջանական սահմանի արցախյան հատվածում թշնամին առաջին անգամ կրակել է տանկով (5 արկ)։ Դեպքի մասին ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է ԵԱՀԿ ԳՆԱՆ Անջեյ Կասպրշիկին։ Դրան նախորդող երեկոյան թշնամու դիպուկահարի կրակից զոհվել է ՊԲ զինծառայող Գարիկ Գուրգենի Ավանեսյանը։

• Դեկտեմբերի 11-ին ՊԲ արևելյան մարտական դիրքերից մեկում թշնամու գնդակից զոհվել է ՊԲ զինծառայող Վարդան Արթուրի Վարդանյանը: Բակո Սահակյանի հրամանագրով զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Նույն օրն ավելի ուշ ՊԲ արևելյան մարտական դիրքերից մեկում հակառակորդի դիպուկահարի կրակից զոհվել է ՊԲ զինծառայող Կարեն Արմենի Գրիգորյանը: Բակո Սահակյանի հրամանագրով՝ զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով։

• Դեկտեմբերի 5-ին հակառակորդի հրետակոծման հետևանքով ականի պայթյունից վիրավորվել է ՊԲ զինծառայող Վարազդատ Իշխանի Խաչատրյանը:

• Դեկտեմբերի 10-ին ՀՀ ՊՆ Սեյրան Օհանյանն այցելել է Երևանի կայազորային զինվորական հոսպիտալ, որտեղ նրան ներկայացվել են հոսպիտալում իրականացվող աշխատանքների ծավալը, մատուցվող ծառայությունները և առկա խնդիրները:

• Դեկտեմբերի 4-ին ՀՀ ԱԱԾ-ն ձերբակալել է ՀՀ քաղաքացի, պահեստազորի մայոր Գարիկ Մարությանին, որը, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, կապվել է Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել պետական գաղտնիք պարունակող տվյալներ: Ձերբակալված Գարիկ Մարությանին առաջադրվել է մեղադրանք պետական դավաճանության համար:

• Դեկտեմբերի 9-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկում ժամկետային զինծառայող Ռազմիկ Աբրահամյանն ինքնասպանության փորձ է արել։ Ինքնասպանության դրդելու մեղադրանքով ձերբակալվել է զինծառայողի 3 ծառայակից։

• ՀՀ նախագահի՝ դեկտեմբերի 9-ին ստորագրած հրամանագրով՝ 2015թ․ դեկտեմբերին անցկացվելու է ՀՀ ԶՈւ պահեստազորի առաջին խմբի բժշկական կազմի սպաների զորակոչ և զորացրում։

• Դեկտեմբերի 10-ին ՀՀ ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունել է ««Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով նախատեսում է շփման գծում ծառայող և 2016թ. հունվարի 1-ից հետո երկարամյա զինվորական ծառայության կենսաթոշակի իրավունք ստացող սպաների, ենթասպաների և պայմանագրային շարքայինների համար ստաժ հաշվարկելիս մարտական հերթապահությունում անցկացրած ժամկետը հաշվարկել կրկնակի դրույքով:

• Դեկտեմբերի 7-ին Գերմանիայի պաշտպանության նախարարն այցելել է Աֆղանստանում Գերմանիայի հրամանատարության տակ ծառայություն իրականացնող հայ խաղաղապահներին:

ՀԱՊԿ ռազմական հանձնաժողովի նիստը

ՀԱՊԿ ռազմական հանձնաժողովի նիստը

• Դեկտեմբերի 9-ին Ռուսաստանում ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Յուրի Խաչատուրովի ղեկավարությամբ անցվակվել է ՀԱՊԿ ռազմական կոմիտեի նիստ։ ՀԱՊԿ անդամ պետությունների զինված ուժերի գլխավոր շտաբի պետերը քննարկել են վերջերս Թուրքիայի կողմից ռուսաստանյան Սու-24 ռմբակոծիչի խոցումը՝ թուրքական կողմի քայլը որակելով ագրեսիա։

• Դեկտեմբերի 8-ին Արցախի արտգործնախարար Կարեն Միրզոյանն ԱՄՆ-ում հանդիպել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահ դեսպան Ջեյմս Ուորլիքին։ Քննարկվել են բանակցային գործընթացում առկա իրավիճակին առնչվող մի շարք հարցեր:

• Ռուսաստանյան զինված ուժերի՝ Երևանի «Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ավիախումբը ստացել է 7 միավոր Մի-24Պ մարտական և Մի-8ՄՏ բեռնատար ուղղաթիռներ: Մինչև 2015-ի ավարտը «Էրեբունու» ավիախումբը համալրվելու է ռազմական ուղղաթիռների ևս մեկ խմբաքանակով։

• Հայաստանում տեղակայված ռուսաստանյան 102-րդ ռազմաբազայի նռնականետային ստորաբաժանման զինծառայողները սկսել են մեկամսյա վարժանքներ, որոնց մասնակցում է շուրջ 150 նռնականետորդ ու հրաձիգ: Կիրառվում են ՌՊԳ-7 ու ԱԳՍ-17 տիպի նռնականետներ։

Ռազմաշաբաթը նաև՝

Ադրբեջանում

Թուրքիայում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *